ԿարևորՀասարակություն

Արցախում նոր ընտրություններ, նոր կուսակցություններով

Լուսինե Ավանեսյան
«Ռադիլուր»

Այսօր Արցախում տրվել է Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քարոզարշավի մեկնարկը:  Հիմնականում որպես մեծ ընտրությունների  փորձ դիտարկվող ՏԻՄ ընտրություններն այս անգամ Արցախում որոշակի  առանձնահատկություն ունեն: Խորհրդարանական կուսակցություններից երկուսը պաշտոնապես դրանց չեն մասնակցում: Փոխարենը՝ ակտիվ են քաղաքական նոր հայտ ներկայացրած կուսակցությունները:

2017 թվականից հետո Արցախի մի շարք համայնքներում  հերթական ընտրություններ չեն անցկացվել՝ պատճառաբանությամբ, որ նոր Սահմանադրության համապատասխան  նոր տեղական ինքնակառավարման համակարգ պիտի ձևավորվի: Նախագիծ մշակվեց, որը սակայն այդպես էլ օրենքի ուժ չստացավ:  

Մեկնարկող ՏԻՄ ընտրություններին չմասնակցող խորհրդարանական «Շարժում 88» կուսակցության առաջնորդ Էդուարդ Աղաբեկյանը ժամանակին դեմ էր այս ընտրությունները հետաձգելուն:

 Զրուցակիցս նույն կերպ անտրամաբանական է համարում առանց որևէ հիմնավորման  սեպտեմբերի 8-ին ընտրությունների անցկացումը: Այդ  պատճառով էլ կուսակցությունը ընդհանրապես 2019 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելուց հրաժարվել է:

Վերջին 10-15 տարում տեղական ինքնակառավարման համակարգը  ձախողվել է: Էդուրդ Աղաբեկյանը 2004-2007 թվականներին Ստեփանակերտի  քաղաքապետն էր. ընտրություններում հաղթել էր իշխանության թեկնածուին: 

Տեղական ինքնակառավարման համակարգը կայացած չէ:  Որ  հին օրենքով անցկացվող ընտրությունները այդ համակարգը կարող են փոխել՝ չի հավատում նաև ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Հայկ Խանումյանը:

Չնայած դրան «Ազգային վերածնունդը» ընտրություններին մասնակցում է: Թե՛ ավագանու, թե՛  համայնքապետերի կուսակցական թեկնածուներ ունեն,  կհայտարարեն նաև ինքնառաջադրված որոշ թեկնածուների պաշտպանելու մասին:

Կուսակցական թեկնածուներ կան, բայց կուսակցությունն ընտրություններին թեկնածու չի առաջադրել, «Ռադիոլուրին» ասաց «Ազատ Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ  Վահրամ Պողոսյանը։ Պատճառը  դարձյալ ՏԻՄ բարեփոխումների ուշացումն ու  համակարգի նկատմամբ ակնկալիքի բացակայությունն է:

 «Ազատ Հայրենիք»-ն Արցախում խորհրդարանական մեծամասնություն է: Այս ընտրություններում իրենց անդամները եթե առաջադրվել են, ապա սեփական նախաձեռնությամբ՝ ասում է Վահրամ Պողոսյանը:

Ժողովրդավարության կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանը ՏԻՄ համակարգի  վերաբերյալ գործընկերների տեսակետին համաձայն է, բայց դա չի խանգարել, որ կուսակցությունը մասնակցի իր թեկնածուներով։ Առաջադրումներ ունեն տարբեր համայնքներում, բայց ոչ Ստեփանակերտում։ Այն վերջին ութ տարում ղեկավարում է  Ժողովրդավարական կուսակցության փոխնախագահ Սուրեն Գրիգորյանը:

Դաշնակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցում է: Ե՛ւ ավագանու, և՛ համայնքապետի թեկնածուներ ունեն տարբեր համայնքներում: Ստեփանակերտի քաղաքապետի հարցում կողմնորոշվել են:

Գրիգորի Սահակյանը նախկին զինվորական է: Ընտրություններում ինքնառաջադրվել է:  Ստեփանակերտի քաղաքապետի թեկնածուներից ինքնառաջադրվել են ևս երեքը՝ փոխքաղաքապետ  Արմեն Հակոբյանը,  գործարար Դավիթ Սարգսյանը և   Արցախգազ ընկերության աշխատակից Արեգ Ավագյանը: Բանկային ոլորտից Արայիկ Ավանեսյանին առաջադրել է քաղաքական նոր հայտ ներկայացարած «Ինքնություն և միասնություն» կուսակցությունը:

Կարդացեք նաև

Back to top button