
«Արաբկիր» զբոսայգին (Մալականի այգին), որի տնօրինումն ու խնամքը վարձակալության պայմանագրով հանձնվել էր մասնավորին, վերադարձվել է համայնքին: Սակայն այգին այժմ բազմաթիվ խնդիրներ ունի, որոնց մասին պատմում է Երևանի քաղաքապետարանի տարածած տեսանյութը:
«Այգին հետընթաց է ունեցել, ջրային համակարգը չի գործում, հուշարձանային հատվածը ոչ միայն անբարեկարգ է, այլ նաև անխնամ: Նշանակվելուս առաջին իսկ օրից փորձել եմ հասկանալ այգու խնդիրները, վարձակալություն ու նաև ենթավարձակալություն հանգույցը ինչ-որ կերպ քանդել»,- ասում է Արաբկիրի վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը:
Այգին կունենա նոր ոռոգման ցանց, կարդիականացվի արտաքին լուսավորության համակարգը, կտեղադրվեն նոր նստարաններ ու աղբամաններ, կբարեկարգվեն ճեմուղիները: Ակտիվ հանգստի համար կապահովվեն բոլոր անհրաժեշտ պայմանները: Շրջանի բյուջեն ունի լրացուցիչ մուտքեր և կարող է անխնամ այգու վրա կատարել հատկացումներ՝ վստահեցնում է համայնքի ղեկավարը: 2020-ին Արաբկիրը կնշի իր հիմնադրման 95 ամյակը: Բարեկարգված այգին կլինի լավագույն նվերը արաբկիրցիներին:




