
Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
«Ինչպես պատրաստվել Սուրբ Զատկին, ինչպես են հնում նշել այս տոնը, տոնի խոհուրդն ու նշանակությունը». թեմայի շուրջ այսօր խոսել են «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանն ու հայ առաքելանկան եկեղեցու սպասավոր տեր Նիկողոս քահանա Հովհաննիսյանը: Առաջինը մտահոգություն է հայտնել, որ հայկական ընտանիքներում Զատկի սեղանից աստիճանաբար նահանջում են ավանդական կերակրատեսակները, իսկ քահանան` առանց թերագնահատելու ավանդական տոնական ուտեստների կարևորությունը, հիշեցրել է աստվածաշնչյան հայտնի ճշմարտությունը.«ոչ միայն հացով կապրի մարդ, այլ Աստծո բերանից դուրս եկած ամեն խոսքով»:
Սուրբ զատիկն այս տարի կնշվի մարտի 31-ին: Այն քրիստոնյաների ամենասիրելի տոնն է, քանի որ խորհրդանշում է Քրիստոսի հրաշափառ հարությունը, որը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը:«Եթե մեռելների հարություն չկա, ապա և Քրիստոս հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս հարություն չի առել, իզուր է մեր քարոզչությունը, իզուր է ձեր հավատը»,-գրում է Պողոս առաքյալը: Զատիկ նշանակում է զատում, բաժանում մեղքերից և վերադարձ առ աստված:
Քրիստոսի հարության տոնին նախորդող շաբաթն ու շաբաթվա յուրաքանրյուր օրն անգամ կոչվում է ավագ, քանի հենց այդ օրերի ընթացքում Քրիստոս իրականացրեց իր վերջին ու գլխավոր տնօրինությունները: Այսօր ավագ ուրբաթն է, որը Քրիստոսի խաչելության և մահվան օրն է: Վաղը`շաբաթ երեկոյան մատուցված ճրագալույցի պատարագով կսկսվի սուրբ հարության տոնը, իսկ կիրակի օրը զատկական պատարագով այն կվերածվի համընդհանուր տոնախմբության: Այդ օրը միմյանց կփոխանցենք `«Քրիստոս հարյավ ի մեռելոց » ավետիստն ու կարձագանքենք `«օրհնյալ է հարությունը Քրիստոսի»: Հնուց ի վեր հայոց մեջ զատկի տոնին պատրաստվել են մեծ ուրախությամբ: Զատկի տոնական սեղանի համար կանայք ձու էին ներկում` անպայման կարմիր գույնով, քանի որ մեղավորներիս համար թափված քրիստոսի արյան խորհուրդն ուներ: տոնական պարտադիր ուտեստների ցանկում չիր ու չամիչով պատաստված փլավն էր, տապակած կանչեղենը, ձուկը:
«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանն ասում է, որ զատկի տոնական սեղանի անբաժան մասն է կազմել նաև ածիկը, որը պատրաստում էին ծլած ցորենի ծիլերից, իր օգտակարությամբ բացառիկ մի ուտեստ, որն այսօր ցավոք մոռացության ենք մատնել: Նրա բնորոշմամբ հայկական ընտանիքներում Զատկի սեղանից աստիճանաբար նահանջում են ավանդական կերակրատեսակները: Իսկ քահանան` առանց թերագնահատելու ավանդական ուտեստների պահպանման ու փոխանցման կարևորությունը, հիշեցնում է աստվածաշնչյան հայտնի ճշմարտությունը.«ոչ միայն հացով կապրի մարդ, այլ Աստծո բերանից դուրս եկած ամեն խոսքով»:




