
Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»
«Ռադիոլուրը» ահազանգ է ստացել մի քաղաքացուց, որը կարծում է, որ անարդարացիորեն զրկվել է ընտանեկան նպաստ ստանալու հնարավորությունից: Տեսողության խնդիր ունեցող և անապահով կինը հուսահատության մեջ է. գործող օրենքով իրեն նպաստ չի հասնում: Չնայած տեսողական խնդիրներին աշխատում է, բայց աշխատանքի դիմաց վարձատրվում է տարեկան 2 անգամ՝ 10.000-ական դրամ: Կամ թող օգնեն նորմալ աշխատանք գտնելու հարցում կամ էլ օրենքում փոփոխություններ կատարեն՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասել է նա: Ահազանգի հետքերով «Ռադիոլուրը» հասել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ու պարզել, որ ոլորտում փոփոխություններ են նախանշվում:
Ռուզաննա Պապիկյանը տեսողության խնդիր ունի: Աշխատում է Հայաստանի Կույրերի միավորման երաժշտական կոլեկտիվում, բայց աշխատավարձ ստանում է տարեկան 2 անգամ՝ 10.000-ական դրամ: Մինչև վերջերս տիկին Ռուզաննան ստանում էր ընտանեկան նպաստ և շատ թե քիչ ապահովում էր իր գոյությունը: Այժմ համատեղ բնակվում է քրոջ ընտանիքի հետ, որի անդամներից 2-ը՝ քրոջ որդին և նրա կինը, աշխատում են: Եվ էական չէ, որ ամուսինները միասին 140.000 դրամ աշխատավարձ են ստանում, խնամքի տակ երկու անչափահաս երեխա ունեն, կոմունալ վճարումներ են կատարում, սննդամթերք գնում: Միայն այդ փաստը հիմք է դարձել, որ կույր կնոջ անապահովության uահմանային միավորն իջնի, և ինքը զրկվի ընտանեկան նպաստից: Հուսահատության մեջ հայտնված կինը մեկ անգամ չէ, որ դիմել է պատկան մարմիններին նպաստը վերականգնելու խնդրանքով: Որոշակի աջակցություն, իհարկե, ստացել է, բայց դարձյալ ընտանեկան նպաստ ստանալու համար նա պետք է դուրս գա քրոջ տնից և ապրի միայնակ: Միայնակ ապրելն այս դեպքում հավասար է չապրելուն, ասում է զրուցակիցս.
«Մինչ տղայի աշխատանքի անցնելը մենք ստացել ենք 29.000 դրամ նպաստ: Ես ուզում եմ, որ իրենք օրենքի մեջ փոփոխություն կատարեն, որպեսզի օգնություն ստանան այն մարդիկ, որոնք իսկապես դրա կարիքն ունեն: Ես հիմա իմ կենսաթոշակից շատ պարտքեր ունեմ, որովհետև ես ապրում եմ ի վերջո: Ի՞նչ անեմ, մեռնե՞մ, ազատվե՞մ: Անկեղծ եմ ասում, չգիտեմ էլ ինչ անեմ»:
Տիկին Ռուզաննայի խնդիրը մեզ հասցրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն: Սոցիալական աջակցության վարչության նպաստների բաժնի պետ Արմեն Մարգարյանը, պարզվում է, ծանոթ է խնդրին, բայց ոչինչ չի կարող անել: Ավելին՝ կան քաղաքացիներ, որոնք շատ ավելի վատ պայմաններում են ապրում՝ ասում է:
«Ձեզ դիմած մարդը կարիքավոր է, նաև տեսողության խնդիր ունի: Դրա համար էլ մենք հնարավորինս փորձել ենք աջակցել: Ընտանիք կա, որ ֆինանսական խնդիր ունի, ընտանիք կա, առողջական, դեղերի խնդիր ունի»:
Փորձում են օգնել սոցիալական աջակցության վարչություն դիմած ցանկացած քաղաքացու և առաջին հերթին փորձում են նրա համար աշխատանք գտնել, եթե դիմողն աշխատունակ է: Ուղղորդում են զբաղվածության կենտրոններ: Նպաստների բաժնի պետը չի բացառում՝ իրական անապահով քաղաքացիների կողքին կարող են լինել նաև նպաստից անարդարացի օգտվողներ: Ընդունում է՝ նոր ուսումնասիրություններ և համակարգային փոփոխություններ են անհրաժեշտ: Ամիսներ առաջ նպաստառուների խնդրին էր անդրադարձել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ նրանցից շատերը բավականին խոշոր վարկեր են վերցնում ու մեծ տոկոսներ մարում: Վարչապետի հանձնարարությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որն այժմ աշխատանքներ է իրականացնում ընտանիքների անապահովության գնահատման համակարգի բարեփոխման ուղղությամբ: Արմեն Մարգարյանը վստահ է, որ այդ ուսումնասիրության արդյունքում նոյեմբերին կներկայացվի փաթեթ, որը կմեծացնի նպաստառուների հասցեականությունը:




