ԿարևորՀասարակություն

Ո՞րն է Սահմանադրությունը փոխելու նպատակը

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

24 տարվա ընթացքում Հայաստանի  Սահմանադրությունը փոփոխվել է 2 անգամ՝ 2005-ի եւ 2015-ի հանրաքվեներով: Սահմանադրության փոփոխության մեկ փորձ՝ 2003-ին, անհաջողության է  մատնվել: Այսօր Հայաստանը կրկին կանգնած է սահմանադրական փոփոխությունների նախաշեմին, թեեւ քիչ չեն կարծիքները, որ հեղափոխությունից հետո Մայր փաստաթուղթն անհրաժեշտ էր ամբողջովին փոխել: Այսօր արդեն հստակ ժամկետներ կան, թե երբ է փոփոխությունների նախագծումը մտնելու գործնական փուլ:  Բովանդակային առումով շատ բան դեռ հայտնի չէ, բայց որոշ փակագծեր արդեն բացվում են:

Վերջին օրերի հայտարարությունների եւ գրառումների միջոցով արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հաստատում է սահմանադրական փոփոխությունների գնալու իշխանության պատրաստակամությունը:

2020-ի փետրվարին այս նպատակով կձևավորվի  հատուկ խումբ, բայց աշխատանքի կոնկրետ ուղղություններն ու ծավալները  դեռ չեն հստակեցվում: Նախարարը պարզապես հաստատում է, որ բոլոր գործողությունների ծրագրերն ու հետագա քայլերը հստակ պատկերացնում են: Որոշ փակագծեր բացում է Ազգային Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը. «Սահմանադրությունը փոխվելու է ոչ թե  քաղաքական նպատակներից ելնելով, այլ՝ արդարադատության նպատակով: Արդարադատության համակարգում խնդիրներ կան եւ դրանք լուծելու համար պահանջվում են նաեւ սահմանադրական փոփոխություններ: Նպատակը՝ արդարադատության համակարգում արդյունավետություն եւ բարձր մակարդակով աշխատանք ապահովելն է»:

Սահմանադրությանն առնչվող հարցերում քաղաքական եւ վերլուծական դաշտը բաժանված է մի քանի մասի: Արտախորհրդարանական ուժերի զգալի հատվածը արմատական փոփոխություններ է  ակնկալում: Ավելին՝ հեղափոխության արտացոլումը ցանկանում են տեսնել հենց երկրի Մայր օրենքում:

Այս մոտեցումն անգամ ընկած էր մի շարք կուսակցությունների նախընտրական ծրագրերի հիմքում: «Ազգային Առաջընթաց» կուսակցության ղեկավար Լուսինե Հարոյան. «Եթե երկրում տեղի է ունեցել հեղափոխություն, ուրեմն այն պետք է ունենա  իր տրամաբանական ավարտը նաեւ օրենսդրական դաշտում: Հեղափոխական ուժը առաջին հերթին պետք է փոխեր հիմնական օրենքը, որը միշտ արգելակել է երկրի զարգացումը, որը կեղծիքներով է ընդունվել»:

Սահմանադրության ամբողջական փոփոխության կողմնակից է նաեւ «Քաղաքացու որոշում» կուսակցությունից Սուրեն Սահակյանը: Քանի դեռ բացահայտված չէ իշխանության կողմից պատրաստվող փոփոխությունների ծավալը, այս գործիչը տեւական ժամանակ է, ինչ տարբեր հարցազրույցներում ներկայացնում է հնարավոր զարգացումները:

«Սահմանադրական փոփոխություն է նաեւ այն, որ մի հատ գրեն, որ սփյուռքի հայերը կարող են պաշտոն զբաղեցնել, մի հատ էլ՝ Հրայր Թովմասյանը չի կարող լինել ՍԴ նախագահ: Ես վախենում եմ, որ պրոցեսը սկսելուց հետո այդ երկու փոփոխությունն անեն, ասեն՝ էս էինք ուզում, ստացեք: Այս Սահմանադրությունը  ոնց որ ֆուտբոլի կանոններով շախմատ խաղաս: Զինվորով պետք է առաջին քայլը անես գնդակով ես խփում ես՝ ճգնաժամ է: Չգիտես՝ այդ դեպքում ինչ անես: Մենք տեսնում ենք այն ճգնաժամերը անընդհատ»:

Սահմանադրական այս կամ այն փոփոխության պահանջով  այլ  ձեւաչափեր ևս կան : «Նոր Սահմանադրություն» նախաձեռնությունն, օրինակ,  արդեն միավորել է շուրջ  մեկ տասնյակ կուսակցությունների:

Ըստ նախաձեռնության՝ Սահմանադրության փոփոխման գործընթացին կմասնակցեն նաեւ քաղաքացիներն իրենց առաջարկություններով, որն էլ կհամակարգվի եւ կմշակվի կուսակցությունների կողմից: «Հայ կառուցողական» կուսակցության նախագահ Անդրեաս Ղուկասյան. «Այս տարիների ընթացքում սահմանադրական ոլորտում եղել են բազմաթիվ նախաձեռնություններ: 7-8 նախագծեր կան՝ գրեթե ավարտուն տեսքի բերված, որոնք անտեսվել են այս տարիների ընթացքում»:

Խորհրդարանական ընդդիմությունը կողմնակից է Սահմանադրության մասնակի փոփոխությունների: Դեռ «Ելք» խմբակցության ժամանակներից սահմանադրական փոփոխությունների նախագիծ ունի օրինակ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: Փոփոխություններն առնչվում են միայն խորհրդարանական ընդդիմության դերի եւ իրավունքների բարձրացմանը: Սա փոփոխությունների այն ծավալն է, որը հանրաքվե չի պահանջում եւ հնարավոր է իրականացնել խորհրդարանական մակարդակում:

Ընդամենը 3 ամիս առաջ սահմանադրական փոփոխությունների նախաձեռնության մասին խորհրդարանի ամբիոնից հայտարարեց նաեւ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Այն ժամանակ նա խոսում էր խորհրդարանի վերահսկողական դերի բարձրացման մասին, բայց իշխանական թեւի ներկայացուցիչների այսօրվա հայտարարություններն արդեն փաստում են, որ սահմանադրական փոփոխություններն իրականացվելու են այլ ուղղությամբ:  

Կարդացեք նաև

Back to top button