
«Ռեստորանների հայկական միության» առաջարկով 2019 թվականի սեպտեմբերի 14-ին Սևանի թերակղզում կանցկացվի ձկան փառատոն, որն իր բովանդակությամբ մարզում առաջին անգամ է կազմակերպվում և հավակնում է ձեռք բերել ամենամյա միջազգային հնչեղություն: Տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանի կայքէջը։
Փառատոնի նպատակն է՝ վեր հանել հայկական խոհանոցում առկա ձկան ավանդական կերակրատեսակները և դրանք ներկայացնել հանրությանը: Տոնակատարութունն անցկացվելու է Գեղարքունիքի մարզպետարանի և «Ռեստորանների հայկական միության» համատեղ ուժերով:
Ձկան փառատոնի նախապատրաստական աշխատանքների շուրջ քննարկումը տեղի է ունեցել օգոստոսի 2-ին, Գեղարքունիքի մարզպետարանում:
Այն անցկացրեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Քննարկմանը մասնակցել են «Ռեստորանների հայկական միության , «Սևան Ազգային Պարկ»-ի, Գեղարքունիքի մարզպետարանի շահագրգիռ ստորաբաժանումների պատասխանատուներ:

«Ռեստորանների հայկական միության» գործադիր տնօրեն Վահե Գևորգյանի ներկայացմամբ՝ միջոցառման ընթացքում առանձին տաղավարներով կներկայացվեն ձկից պատրաստված զանազան կերակրատեսակներ, կլինեն համտեսի, վաճառքի և տարբեր անվանակարգերի մրցութային արարողություններ:
Տոնակատարությունը կուղեկցվի ազգային երգ ու պարով, մշակութային այլ համարներով, կեզրափակվի հրավառությամբ:
Ձկան փառատոնով նախատեսում է ընդունել 3500-5000 մասնակցի: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հավաստմամբ՝ Սևանի ափին հանգստյան սեզոնի ավարտին կազմակերպված փառատոնով մենք ևս մեկ անգամ հանրության ուշադրությունը հրավիրում ենք Սևանա լճի պահպանության խնդրին:




