
Շրջակա միջավայրի նախարարի իրավախորհրդատու, «Թի-Էս-Ի Դեպի Կայուն Էկոհամակարգեր» ՀԿ-ի տնօրեն Կարեն Աղաբաբյանը մի խումբ կամավորների հետ կրկին այցելել են Հովտաշեն և անցկացրել արագիլների մաքրման աշխատանքներ: Ակտիվ աշխատանքներ են ընթանում նաև աղտոտման աղբյուրի բացահայտման նպատակով`մոտ օրերս պատրաստ կլինեն լաբորատոր հետազոտությունների արդյունքները՝ տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ֆեյսբուքյան էջը:
Նշվում է նաև, որ խնդիրը գտնվում է նախարարության անմիջական հսկողության տակ, իսկ արագիլների մաքրման աշխատանքները պարբերական բնույթ կկրեն:
Արարատի մարզի մի քանի համայնքում շուրջ մեկ ամիս է, ինչ արագիլներն աղտոտված են: Բնապահպաններն ահազանգում են, որ թռչունների փետուրները սեւացած են եւ կպչուն, ինչի հետեւանքով նրանք չեն կարողանում թռնել, կերակուր հայթայթել: Կամավորները եւ պատկան մարմինները մաքրում են արագիլներին եւ տեղում ուսումնասիրություններ անում:
Շատ հաճախ բնից թռչելով՝ արագիլները չեն կարողանում վերադառնալ ձագերի մոտ ու նրանց համար կեր բերել։ Թռչունների արտաքին տեսքը վկայում է, որ նրանք թուլացած են ու հազիվ են տեղաշարժվում նույնիսկ քայլելով։ Վայրի թռչուններին կերակրելու մի քանի անհաջող փորձից հետո ի վերջո գտնվել է տարբերակ: Նրանց ձկով են կերակրել, թռչունները համաձայնել են ընդունել մարդկանց հյուրասիրությունը: Խորհրդատվության հարցում Հովտաշենի գյուղացիներին աջակցել են Երևանի կենդանաբանական այգու մասնագետները, իսկ ձկները տրամադրել են Արարատի ձկնաբուծարանների սեփականատերերը: Որպես կենդանիներին կերակրելու տարածք՝ ընտրվել է գյուղի ֆուտբոլի դաշտը, որտեղ արագիլները սովորաբար հավաքվում են միջատներ որսալու համար։




