
Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ մերժեց Ռոբերտ Քոչարյանի գույքը կալանքի տակ պահելու պահանջով դատախազության բողոքը։
«Վերաքննիչ քրեական դատարանը որոշեց դատախազ Դոլմազյանի վերաքննիչ բողոքը մերժել, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2019 թվականի հունիսի 7-ի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ»,-ասաց դատավոր Նիկողոսյանը։

Ավելի վաղ՝ հունիսի 7-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը` Աննա Դանիբեկյանի գլխավորությամբ, որոշել էր մասամբ բավարարել Քոչարյանի պաշտպանության միջնորդագիրը` նախկին նախագահի ունեցվածքի վրա դրված կալանքը հանելու վերաբերյալ: Ռոբերտ Քոչարյանի բանկային հաշվի և ունեցվածքի վրա կալանք էր դրվել 2018 թվականի հուլիսի 30–ին` Մարտի 1–ի գործով մեղադրանքը ներկայացնելուց չորս օր անց։
Որոշումը կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարանում։
Մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը պնդում էր, որ ոտնահարվում են իր իրավունքները, և նա, ունենալով հնարավորություններ, չի կարողանում վճարել փաստաբանական ծառայությունների համար։




