ԿարևորՀասարակություն

Երեւանի տրանսպորտը կհամապատասխանի միջազգային չափանիշներին. մանրամասներ

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Բրիտանական WYG խորհրդատվական ընկերությունը ներկայացրել է Երևանի տրանսպորտային նոր ցանցի վերջնական նախագիծը: Ըստ նախագծի՝ ունենալու ենք միջազգային չափորոշիչներին համապատասխան նոր երթուղային ցանց, որն ունենալու է 47 երթուղի, որից 11 հիմնական երթուղիներ, որոնք շահագործելու են  ավտոբուսներով, 30 սնուցող երթուղիներ, որտեղ նախատեսված է շահագործել 7.5-8 և 12 մ երկարությամբ ավտոբուսներ:

Նախատեսվում է ունենալ 5 տրոլեյբուսային և օդանավակայան տանող  կանոնավոր  երթուղի: Էականորեն նվազելու են ավտոբուսների քանակը, որը, սակայն, չի ազդելու  ուղևորահոսքերի վրա, «Ռադիոլուրի» հետ հարցազրույցում ասել է քաղաքապետարանի տրանսպորտի գծով փորձագետ Վազգեն Հարությունյանը:  Նոր երթուղային ցանցը նախագծված է՝ հաշվի առնելով  ներկայիս  ուղևորահոսքը: Դրա համար հիմք է հանդիսացել 2013 թվականի վերլուծությունը:

«Հասարակական տրանսպորտի յուրաքանչյուր երթուղում նստած է եղել մի մարդ, ով հաշվել է մտնող-դուրս եկող ուղևորներին, հաշվարկել  քանակը:   Դրա հիման վրա իրականացվել է ցանցի նախագծում: 2013 թվականից հետո  իրականացվել է կետային ստուգում և արդյունքում ուղևորահոսքի շեղում չի արձանագրվել», -նշել է փորձագետը:

Ցանցը նախագծված է տեղփոխի սկզբունքով, որն ունի նաև տնտեսական մեծ արդյունավետություն: Տեղփոխի սկզբունքը կիրառելու դեպքում բացառելու են  զուգահեռ  երթևեկող երթուղիները, որը բերում է շահագործման  և սպասարկման ծախսերի, ինչպես նաև շարժակազմի քանակի նվազեցման:

«Ուղևորների 45 տոկոսը տեղափոխվելու է առանց տեղփոխ, 37 տոկոսը՝ մեկ տեղփոխով, 15 տոկոսը՝ երկու տեղփոխով, 3 տոկոսը՝ երեք տեղփոխով»,- ասում է Հարությունյանը:

Նախատեսվում է ներդնել միասնական ինտեգրված էլեկտրոնային տոմսային համակարգ, որը հնարավորություն կտա անկախ տեղփոխերի քանակից մեկ անգամ վճարելով կատարել ամբողջ ուղևորությունը: Կլինեն մեկանգամյա, ժամային, ամսական տևողությամբ տոմսեր:

Սակագնի մասով կատարվում են վերջնական հաշվարկները, ասում է քաղաքապետարանի ներկայացուցիչը և հավելում, դրա  մասին խոսելը  դեռևս վաղ է: Շարժակազմի ձեռք բերելուց հետո կլինեն սակագնի վերաբերյալ պատկերացումները:

Այս պահին քաղաքապետարանն ամեն ինչ անում է, որպեսզի սակագնի բարձրացում չլինի, իսկ լինելու դեպքում չնչին բարձրանա: Տոմսային համակարգում պլանավորվում են լինել նաև արտոնություններ՝ սոցիալապես անապահով ընտանիքների և օրենքով նախատեսված խմբերի համար:  Նշված ցանցը նախատեսվում է կյանքի կոչել երկու տարի հետո: Պետք է իրականացվի մրցույթ, արտադրվեն ավտոբուսներ:

Կարդացեք նաև

Back to top button