
33 էջանոց կառավարության ծրագիրն այսօր խորհրդարանում ներկայացնելու համար վարչապետից պահանջվեց մեկ ժամից մի քիչ ավելի: Նույն ծավալով՝ 33 էջով իր առաջին ծրագիրն էր 2016-ին ներկայացրել նաեւ Կարեն Կարապետյանի կառավարությունը:
Դա նույնպես միջանկյալ ծրագիր էր՝ 2017-ի խորհրդարանական ընտրություններից առաջ էր: Այս կառավարության ծրագրերի կարեւորագույն կետը կրկին խորհրդարանական ընտրություններն են՝ այս դեպքում՝ արտահերթ՝ առավելագույն ժամկետը մեկ տարվա ընթացքում:
Ի տարբերություն իր նախորդի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտել է կախադական փայտիկը, որը կլուծի Հայաստանում անլուծելի թվացող խնդիրները:

Այս հատվածն, իհարկե, կառավարության ծրագրում չկա, ինչպես չկան նաեւ թվեր, ինչի համար նոր կառավարությունն արդեն արժանացել է քննադատությունների: Սրա պատասխանը վարչապետն ունի:
Թվեր չկան, բայց անհրաժեշտ պարզաբանումներ եղան: Վարչապետը հստակ գիտի, թե ինչ ռեսուրսների հաշվին է բարձրացնելու օրինակ՝ կենսաթոշակներն ու աշխատավարձերը: Հույս ունի, որ հաջորդ տարվա պետական բյուջեն դրանք բարձրացնելու հնարավորություն անպայման կտա:

Կառավարության ծրագրում նշված չէ, բայց վարչապետը չի բացառում՝ նոր զարգացումներ կարող են լինել գազի եւ էլեկտրաէներգիայի սակագներում:
Արտահերթ խորհրդարանական ընտրություններ, բանակ, հակակոռուպցիոն գործողություններ, տնտեսություն, հարկային օրենսդրության փոփոխություն, Սփյուռք, արտաքին հարաբերություններ, ղարաբաղյան խնդրի կարգավորում, ցեղասպանության ճանաչում: Այս բոլոր խնդիրներին անդրադարձ կա խորհրդարանին ներկայացված ծրագրում: Բոլոր ոլորտների համար սկզբունքային է թերեւս արդարության եւ հավասարության հաստատումը: Փաշինյանն սկսելու է հենց իրենից, իր ընտանիքից, մերձավորներից եւ ընկերներից: Վարչապետը խոստանում է՝ իր շրջապատից մեղավորները միանգամից պատժվելու են:

Գործադիրում իշխանափոխությունը կայացած համարելով՝ կառավարությունն իր ծրագրով մտադրվել է փոփոխություններ ապահովել նաեւ օրենսդիրում: Նախ ԸՕ-ի փոփոխություն, հետո՝ առավելագույնը մեկ տարվա ընթացքում խորհրդարանական արտահերթ ընտրություններ՝ քաղաքական իրողությունների փոփոխությունն ամրագրելու համար: Նոր թիմին, իհարկե, շահավետ է այս պահին ընտրություններ անցկացնելու եւ հասարակության շրջանում ոգեւորվության ֆոնին խորհրդարանական բացարձակ մեծամասնություն ձեւավորելու գաղափարը: Փաշինյանը, սակայն, հիմնավորեց, թե ինչու արտահերթ ընտրությունների հիմա չեն գնում:
15 պատգամավոր ելույթով գնահատեց կառավարության ծրագիրը:

Խորհրդարանական ուժերից միայն հանրապետականների քաղաքական թեւն է որոշել դեմ քվեարկել կառավարության ծրագրին, թեպետ անընդհատ հայտարարում են, որ չեն խոչընդոտելու:
Իսկ քանի որ Հանրապետականն արդեն կորցրել է խորհրդարանական մեծամասնության դիրքերը, ամեն դեպքում ենթադրելի է, որ կառավարության ծրագիրը խորհրդարանը կհաստատի:




