Սեւանա լիճը առաջնահերթությո՞ւն
Տարեսկզբից սկսած Սևանա լճի մակարդակը բարձրացել է 30 սմ-ով: Երբ այս մասին տարեսկզբին խորհրդարանում հայտարարեց Ջրային պետական կոմիտեի նախկին ղեկավարը, բնապահպանները շեշտեցին, որ տարվա այդ ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակի բարձրացումը կապված է բնակլիմայական պայմանների հետ:
Մինչդեռ, ըստ նրանց, իրականությունն այն է, որ Սևանա լճի մակարդակը անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ իջել է 13 սանտիմետրով եւ դա արդյունք է Սեւանից լրացուցիչ 100 մլն խմ ջրառ կատարելու մասին որոշման:
ՀՀ նախկին կառավարությունն էր որոշում ընդունել Սևանա լճից լրացուցիչ ջրբացթողումների մասին՝ սահմանելով 170 միլիոն խմ, որն օրենքով սահմանված ջրառի առավելագույն չափաքանակն է: Լրացուցիչ ջրառին, որի արդյունքում լճի մակարդակի բացասական բալանս է գրանցվում, դեմ են նաեւ «Սեւան» ազգային պարկում:
Ջրային պետական կոմիտեն օրերս հանդես եկավ պարզաբանմամբ՝ հայտարարելով, որ Սևանա լճից, օրենքով սահմանված կարգով եւ չափաքանակով ոռոգումների համար են ջրբացթողումները կատարվել: Մեջբերում ենք այդ պարզաբանումից.
«Ջրառ կատարվել է ապրիլի 18-ից մայիսի 7-ը ընկած ժամանակահատվածում եւ դադարեցվել մայիսի անձրեւառատ եղանակային պայմաններին զուգահեռ: Այդ ընթացքում Սևանից բաց է թողնվել շուրջ 24.7 մլն խմ ջուր եւ այդ ցուցանիշն անփոփոխ է մինչ օրս, քանի որ Սևանից ջրառը դեռ չի վերսկսվել: Այս տվյալը ներկայացնում է ոչ թե Ջրային տնտեսության պետական կոմիտեն, այլ՝ «Հայպետհիդրոմետը»՝ որպես անկախ և ոչ շահագրգիռ կառույց»:
Հարցին անդրադառնալով՝ որոշ լրատվամիջոցներում տեսակետ հնչեց, որ լրացուցիչ ջրառ կատարելու որոշումն, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է Հրազդան գետի վրա կառուցված ՀԷԿ-երի միջոցով էժան էլեկտրաէներգիա արտադրելու և հայ սպառողների վրա թանկ վաճառելու մտադրությամբ: Բնապահպան Ինգա Զարաֆյանի գնահատմամբ՝ դա պարզ էր հենց սկզբից էլ:
Այս մասով նույնպես Ջրային պետական կոմիտեն իր պարզաբանումն է տվել.
«Ինչ վերաբերում է ՀԷԿ—երի կողմից ջրի օգտագործմանը, ապա հարկ ենք համարում ևս մեկ անգամ նշել, որ Սևանից ջրբացթողում իրականացվում է բացառապես ոռոգման նպատակով, իսկ էլեկտրաէներգիայի ստացումը հարակից արդյունք է, որը որևէ կերպ չի խոչընդոտում ոռոգման ընթացքին»:
Բնապահպան Ինգա Զարաֆյանը, սակայն, նկատեց, որ Սեւանից ջրառի եւ հավելյալ ջրառի ընթացքում կորուստները տարբեր հաշվարկներով կազմում են 50-70 տոկոս, ինչը շատ մեծ կորուստ է: Լրացուցիչ ջրառին դեմ են նաեւ «Սեւան» ազգային պարկում, քանի որ դրա արդյունքում լճի մակարդակի բացասական բալանս է գրանցվում, ինչը վատ հետեւանք է ունենում Լճի համար:
Բնապահպան Ինգա Զարաֆյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նման պարագայում մեծանում է լճի աղտոտվածության մակարդակը, քանի որ չկան անհրաժեշտ մաքրման կայաններ:
«Սեւան» ազգային պարկի փոխտնօրենն ասաց, որ այս պահին անզեն աչքով էլ տեսանելի է, որ Սեւանի մակարդակը նկատելիորեն բարձրացել է եւ շարունակում է ինտենսիվ բարձրանալ: Դա պայմանավորված է նաեւ եղանակային ջրառատությամբ՝ ասաց:
Այսօրվա դրությամբ, Հայհիդրոմետի փոխանցմամբ, Սեւանի մակրադակը կազմում է 1900 մետր 78 սմ: Բնապահպան Ինգա Զարաֆյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ այս ցուցանիշը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 12 սմ-ով ցածր է:
«Այս բացասական բալանսը գրանցվում է անցյալ տարվանից՝ դեկտեմբերից: Դա նշանակում է, որ լիճը սթրեսային վիճակում է գտնվում: Դա միանշանակ է»:
Բնապահպանը նկատեց, որ ամեն ինչ Սեւանի մասին օրենքում լավ գրված է, սակայն, օրենքը պահպանելու հարցում, արդեն, իրավիճակը բոլորովին այլ է՝ անլրջություն է նկատվում՝ ասաց նա՝ կոչ անելով բոլոր շահագրգիռ կողմերին ամեն ինչ անել այդ օրենքը կյանքի կոչելու եւ լճի ոչնչացումը թույլ չտալու համար: