Հասարակություն

Ըստ փաստաբանի՝ Եղնուկյանի խնդիրը հոգեբանական է, ինչ են պատասխանում ՔԿՀ- ից


Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ փաստաբան Տիգրան Հայրապետյանը ահազանգել է «Սասնա ծռեր» խմբի անդամներին օժանդակելու մեղադրանքով կալանավորված Կարո Եղնուկյանի առողջական վիճակի մասին:

Նա նշել է, որ Կարո Եղնուկյանի մոտ առաջացել է կրիզիսային էպիզոտիկ հիպերտոնիա: Տվյալ պարագայում այս խնդիրը հոգեբանական է, ինչը հստատել են նաեւ բժիշկները, հետեւաբար՝ իրենք միջնորդել են, որպեսզի թույլ տրվի Կարո Եղնուկյանին հոգեբանի այցելություն:

Քրեակատարողական հիմնարկն ու  քրեակատարողական վարչությունը, սակայն, միջնորդությունը մերժել են: Փաստաբանի մեկ այլ միջնորդությամբ՝ դատարանը որոշում է կայացրել հոգեբանի այցելությունը Կարո Եղնուկյանին թույլ տալու:

Ըստ փաստաբանի՝ դատարանի որոշումը, մինչդեռ, քրեակատարողական վարչության ցուցումով, չի կատարվում:

Ըստ փաստաբան Տիգրան Հայրապետյանի՝ Կարո Եղնուկյանի մոտ առաջացել է կրիզիսային էպիզոտիկ հիպերտոնիա: Այն արյան ճնշման կտրուկ բարձրացում է  եւ վտանգավոր կյանքի համար, քանի որ կարող է հանգեցնել սրտի ինֆարկտի եւ մահվան: Փաստաբանի փոխանցմամբ՝ դա հաստատել են բժիշկները: Բժիշկները  նշել են նաեւ, որ տվյալ դեպքում հիվանդության առաջացման պատճառը հոգեբանական է՝ այն կտրուկ ի հայտ է գալիս, երբ Եղնուկյանը մտնում է նիստերի դահլիճ: Սրտաբանը խորհուրդ է տվել դիմել հոգեբանի:

Փաստաբանն ասում է, որ միջնորդել են, որպեսզի թույլատրվի Եղյուկյանին հոգեբանի այցելություն: Միջնորդությունը, սակայն, ՔԿՀ-ն մերժել է: Մերժվել է նաեւ քրեակատարողական վարչությանն ուղղված միջնորդությունը: Պարզաբանում ստանալու համար դիմեցինք նաեւ ԱՆ-ն: Այստեղից խորհուրդ տվեցին դիմել քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանին: Վերջինիս հետ կապ հաստատելն, այդպես էլ, մեզ չհաջողվեց:

Փաստաբան Տիգրան Հայրապետյանն ասաց, որ միջնորդություն է ուղարկվել նաեւ ՄԻՊ-ին, սակայն, դեռ նորություն չկա: Այս միջնորդության ճակատագրով փորձեցինք հետաքրքրվել ՄԻՊ-ի գրասենյակից: Խոստացան հստակեցնել եւ պատասխանել: Արձագանք, սակայն, մինչ այս պահը չեղավ:

Փաստաբան Տիգրան Հայրապետյանն ասաց, որ իրենց տարբեր միջնորդությունների մերժումից հետո, միջնորդություն է ներկայացվել նաեւ դատարանին:

Ստացվում է, որ դատարանի որոշումը չի կատարվում, ինչը, փաստաբանի ձեւակերպմամբ, բերում է քրեական պատասխանատվության: Տիգրան Հայրապետյանի փոխանցմամբ՝ Արդարադատության նախարարությունը, սակայն, վկայակոչել է օրենքի դրույթները, որոնցով սահմանվում են այն դեպքերը, երբ կալանավորված անձը պետք է ստանա բուժօգնություն, մեկնաբանել է, որ օրենքը թույլ չի տալիս: Համաձայն օրենքի հիշյալ դրույթների՝ կալանավորված անձն ունի իրավունք իր ցանկացած բժշկից բուժօգնություն ստանալու: Արդարադատության նախարարությունը հիմնավորել է, որ քանի որ հոգեբանը բժիշկ չէ, հետեւաբար՝ օրենքն արգելում է:

Փաստաբան Տիգրան Հայրապետյանը, մինչդեռ, մեկ այլ օրենք է վկայակոչում: Ըստ այդմ՝  անձն ունի կիրառական հոգեբանից օգնություն ստանալու իրավունք: Բացի այդ, երբ կա հոգեբանի այցի վերաբերյալ դատարանի որոշում, փաստաբանի ձեւակերպմամբ, Արդարադատության նախարարության որեւէ հիմնավորում տգիտություն է:

Կարդացեք նաև

Back to top button