Հասարակություն

Հատուկ դպրոցներում ոտնահարվում են երեխաների իրավունքները

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը դիմել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին.  ինչպես է ստացվել, որ Երևանի հատուկ  դեպրոցներում, որոնք նախատեսված են մտավոր թերզարգացում  կամ խոսքի ծանր խանգարում ունեցող երեխաների համար, սովորում են նաև  որևէ խանգարում չունեցող երեխաներ:

Երևանի հատուկ դպրոցներում ոտնահարվում են երեխաների իրավունքները, ահազանգում է «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը: Նա համոզված է, որ վերջին տարիներին հատուկ դպրոցներում երեխաների թվի ավելացումը աղքատության և արտագաղթի հետևանք է:

Անահիտ Բախշյանը համոզված է՝  հատուկ դպրոցներում սովորող երեխաների մեծամասնությունը առանձնահատուկ կրթության կարիք չունի։ Նրանցից շատերը լիարժեք կարող են հաճախել հանրակրթական դպրոց:

Իրականում այս երեխաների  թվի ավելացումը ձեռնտու է  դպրոցի տնօրեններին, որոնք յուրաքանչյուր երեխայի համար լրացուցիչ գումար են ստանում պետությունից, նկատում է Բախշյանը:

Նման փակ հաստատություններում իսկապես լուրջ խնդիրներ կան: Հատատություն կա, որտեղ ավելացնում են աշակերտների թիվը զուտ ֆինանսավորման նպատակով, հաստատություն էլ կա, որտեղ տնտեսում են այդ ֆինանսները երեխաների սննդի հաշվին: Անահիտ Բախշյանն այս խնդիրների   մասին արդեն տեղեկացրել է  Մարդու իրավունքների պաշտպանին եւ սպասում է ուսումնասիրության  արդյունքներին։

ՄԻՊ-ի գրասենյակից  «Ռադիոլուրին» հայտնեցին, որ խնդիրն արդեն ուսումնասիրվում է: Արդյունքների մասին «Ռադիոլուրին» խոստացան ավելի ուշ հայտնել:  Այս խնդիրն, ի դեպ, նաև  ԿԳ նախարարի ուշադրության կենտրոնում է:

Իսկ ընդհանրապես, Անահիտ Բախշյանը համոզված է՝ կրթության ոլորտում ներառականության սկզբունքն այլընտրանք չունի, հատուկ դպրոցներ Հայաստանում պետք է չլինեն:

Կարդացեք նաև

Back to top button