

Հաշվի առնելով Հայաստանում վերջին շրջանում ծննդկանների մահվան մի շարք աղմկահարույց դեպքերը՝ «Ռադիոլուր»-ը գնացել է այն մտահոգությունների հետքերով, թե համակարգային խնդիրների հետեւանքով կարող են մահվան պատճառների ստույգ պատճառները չբացահայտվել:
Մասնավորապես՝ ճշգրիտ պատասխան չստացվի՝ բժշկի սխալ կա՞, թե ոչ:
Հայաստանի գլխավոր ուռուցքաբանը մտահոգություններ ունի, որ Հայաստանում դիահերձումները մահվան պատճառների ճշգրիտ պատկեր չեն տալիս: Դիտակումը Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Արմեն Տանանյանը բացատրում է իր ոլորտի օրինակով: Հանրապետությունում գրանցվող մահերի ո՞ր մասն է քաղցկեղի հետեւանք՝ հերձումների արդյունքներին Տանանյանը որոշակի վերապահությամբ է մոտենում:
«Որպես գլխավոր ուռուցքաբան՝ հարց եմ տալիս գլխավոր պատանատոմին, մյուս գլխավորներին. Եթե դուք հանրապետությունում ունեք ընդամենը 28-30 այսպես ասեմ՝ հերձող, վստահ լինե՞մ, որ այս մարդկանց մոտ քաղցկեղ էր: Կարող է գյուղ տեղ է, մի տատիկ մահացել է՝ ունեցել է ուռուցք: Բայց դա կարող է եւ ուռուցք չլինել, լինել ձվարանի սովորական կիստա: Ինքն իր մահով մահանում, է, այնտեղի հերձողը գալիս է տուն, սրսկում ու համապատասխան գործողություն անում ու գրում՝ քաղցկեղ ուներ: Հիմա հարց եմ տալիս՝ քաղցկե՞ղ էր, թե՞ քաղցկեղ չէր: Մեր տվյալներով՝ ՀՀ-ում քաղցկեղի 50 տոկոսը դեպքերը մորֆոլոգիական հաստատում չունեն»:
Գլխավոր դատախազությունը եւս կասկածում է դատաբժշկական փորձաքննության արդյունավետությանը հատկապես տնային մահերի դեպքում: Դատախազությունն ուսումնասիրել ու եզրակացրել է՝ քրեական վարույթում ստուգում պահանջող որոշ դեպքեր դուրս են մնում իրավապահների տեսադաշտից: Հայաստանի ոչ բոլոր տարածքներն ունեն դիահերձման ընթացքում հանցագործությունների հետքերի հայտնաբերման լիարժեք պայմաններ:
Ախտաբանաանատոմիական դիահերձողները դատաբժշկական բնագավառի մասնագետներ չեն և չեն կարող անհրաժեշտ արդյունավետությամբ հայտնաբերել ենթադրյալ հանցագործության հետքերը: Գլխավոր դատախազը, այս ու այլ խնդիրներ բացառիկ կարեւոր համարելով, անցյալ տարեվերջին առողջապահության նախարարին առաջարկել էր բարեփոխել դատաբժշկական փորձաքննության համակարգը: Մեջբերենք դատախազի դիմումից:
«Հաշվի առնելով իրավաչափ լուծումների անհետաձգելիությունը՝ առաջարկում ենք մշակել մարդու մահվան փաստը հավաստող արձանագրության միասնական՝ բժշկական և անհրաժեշտ այլ տվյալներ ներառող ձև, արգելել առանց այդ արձանագրությունը լրացնելու դիակի ախտաբանաանատոմիական հետազոտությունը և/կամ մահվան վերաբերյալ բժշկական վկայագիր տալը»:
Հայաստանում վերջին շրջանում ծննդկանների մահվան մի շարք աղմկահարույց դեպքերը լուրջ մտահոգություններ ու կասկածներ են առաջացնում, որ համակարգային խնդիրների հետեւանքով մահվան ստույգ պատճառները կարող են չբացահայտվել: Մասնավորապես՝ ճշգրիտ պատասխան չստացվի՝ բժշկի սխալ կա՞, թե ոչ: Գլխավոր դատաբժշկական փորձագետ Մհեր Բիշարյանը «Ռադիոլուր»-ի հարցմանն ի պատասխան հիշեցնում է՝ քիչ չեն դեպքերը, երբ բժիշկները հայտնվել են դատարանում: Մեջբերենք Բիշարյանի գրավոր պատասխանից.
«Դատաբժշկական փորձաքննության միջոցով ամեն առանձին դեպքում հստակ պատասխանվում են նախաքննական մարմնի առաջադրած բոլոր հարցերին, այդ թվում մահվան անմիջական պատճառի վերաբերյալ:
Ինչ վերաբերում է «բժշկական սխալի» պարզաբանման հարցին, ապա քիչ չեն դեպքերը, երբ բուժօգնություն և սպասարկում իրականացողների նկատմամբ քննվող քրեական գործերը ավարտվում են դատարանում»:
Մհեր Բիշարյանը հիմնավոր չի համարում մասնագետների մտահոգությունները, թե մահվան պատճառները պարզելուն ուղղված դատաբժշկական փորձաքննությունների արդյունքները երբեմն մոտավոր են գրվում: Կրկին մեջբերենք:
«Ո՛չ դատաբժշական փորձաքննության, և ո՛չ էլ ախտաբանաանատոմիական դիահերձման արդյունքները չեն կարող գրվել «մոտավոր», անկախ այն հանգամանքից՝ մահը «բռնի» է, թե «բնական»: Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում նշվում են մահվան հիմնական և անմիջական պատճառները, արդյունքում ձևավորվում է հստակ վիճակագրություն, և այլ կերպ լինել պարզապես չի կարող: Ըստ այդմ՝ «հայտնի մասնագետների» պնդումները հիմնավոր չեն»:
Բայց այսքանով հանդերձ՝ ԱՆ Դատաբժշկական գիտագործնական կենտրոնում նաեւ ընդունում են՝ դատաբժշկական փորձաքննության ոլորտում բարեփոխումների կարիք, այո, կա: Կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Մհեր Բիշարյանը տեղեկացնում է՝ բարեփոխումները սպասվում են արդեն այս տարի՝ օրենքում փոփոխությունների տեսքով՝ առանձնացնելով դատաբժշկական և ախտաբանաանատոմիական բնագավառները: Պատասխանատուները հույս ունեն, որ այս բաժանումը կնվազեցնի փորձաքննությունների արդյունքների վերաբերյալ կասկածները:




