Հասարակություն

83-ամյա Քնար տատի Հին նոր տարին

83-ամյա Քնար տատը Հին նոր տարին նշում է 4 զավակներով, 14 թոռներով ու 11 ծոռներով: Ժամանակները փոխվել են, եւ տատն արագ ու անհասկանալի փոփոխություններից ոչ բոլորն է կարողանում «մարսել»:

Համեմատությունները, սակայն, այսօրվա կենսակերպի ու  մարդկային հարաբերությունների օգտին են: Տատը պատկերացում ունի ամեն ինչից՝ համակարգչով ինքնուրույն գտնում է սիրելի ֆիլմերը, տեսազանգով կապ հաստատում մայրաքաղաքում գտնվող թոռների հետ: Իր զանգերին պատասխանում է անձամբ. բջջայինը ժիլետի գրպանում է:

Առողջական խնդիրները վերջերս տատին շատ են անհանգստացնում. հոգոցով է խոսում առաջիկա բանջարանոցային աշխատանքների մասին, որոնք միշտ ինքն է արել, ու հյուր լինի, թե հարեւան՝ միշտ հիացել են տան ու այգու կոկիկությամբ: Անշփոթ գիտի իրերի տեղն ու դասավորությունը եւ նույնը պահանջել է տան հարսից: Սեփական իրերի արժեքն իր համար բարձր է այնքան, որ երբ մայրաքաղաքում էր՝ հիվանդանոցում, հրաժարվում էր բուժքույրերի տված ջրից, մինչեւ իր մետաղական բաժակը չբերեին:

Էլի երեւույթներ կան, որոնց մասին տատը հոգոցով է խոսում. մի որդին ընտանիքով երկրից դուրս է, ու «թզուկ» խնձորենու պտուղները, որ միշտ նրանց համար էր պահում, վաղուց էլ հասցեատերերին չեն հասնում: Թոռը ծառայում է, ու Վահեի կարոտը մաշում է Քնար տատին:

Ժամանակի զարգացումներին հետեւող, իմաստուն տատին շփոթեցնում են ժամանակին ճիշտ, իսկ այժմ սխալ համարվող դաստիարակության մեթոդները, ամուսնուն ոչ թե ենթարկվելու, այլ նրան հավասար իրավունք ունենալու դատողությունները, օրենքները: Լավատես եղեք, ամեն չնչին բանից մի դժգոհեք՝ հորդորում է:

Կարդացեք նաև

Back to top button