Հասարակություն

Չնայած արգելքին, սիգ և իշխան տեսակի ձկների վաճառքը շարունակվում է


Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի հրամանով՝  դեկտեմբերի 20-ից հունվարի 15-ը Սևանա լճում որս իրականացնելը խստիվ արգելված է, սակայն հանրապետության փողոցները լիքն են սիգ և իշխան տեսակի ձկներով:

Վաճառողների արդարացումներն ու պետական վերահսկողություն իրականացնող գերատեսչության արձանագրած խախտումներն ամբողջացրել է «Ռադիոլուրը»։

Քաղաքի փողոցներում շարունակվում է սիգ տեսակի ձկի վաճառքը, թեև դեկտեմբերի 20-ից հունվարի 15-ը Սևանա լճում ձկան և խեցգետնի որսը խստիվ արգելված է:

Դեռ անցյալ տարի դեկտեմբերի 20-ին բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը խոստացել էր  ուժեղացնել վերահսկողությունը Սևանի ողջ ափամերձ տարածքում, ինչպես նաև բոլոր այն իրացման վայրերում, որտեղ հնարավոր է հայտնվեն Սևանի սիգ կամ իշխան տեսակի ձկներ:

Սա այն հատվածն է, երբ սիգը մոտենում է ափերին և սկսում է ձվադրումը: Նախարարից հանձնարարականները վերահսկողություն իրականացնող մարմիններին, նախազգուշացում՝ ձկնորսներին:

Խիստ պատասխանատվության են ենթարկվում և կենթարկվեն  բոլոր նրանք, ովքեր ներգրավված են ձկան իրացման շղթայում՝ ասում է ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Իգոր Սարգսյանը:

Միաժամանա՝կ ոստիկանության և տեսչական մարմնի հետ համատեղ միջոցառումների ծրագիր է իրականացվում, կան թե՛ շարժական, թե՛ անշարժ հսկողության կետեր, ինչպես նաև պարբերաբար կատարվում են այցելություններ:

Վաճառողներն արդարանում են, թե ապրուստի միակ միջոցից են զրկվում: Իսկ ձկնաբուծներից մեկը Էջմիածնում արհեստական ջրերում սիգ է աճեցնում: Պատմում է, թե ինչպես, բայց հրաժարվում հարցազրույցից:

Իգոր Սարգսյանը հակադարձում  է՝ վաճառվող սիգը Սևանից է:

Սիգի արդյունաբերական պաշարների քանակի աճ կա՝ ասում է ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը, բայց անկառավարելի որսի պատճառով այդ քանակը բավարար չէ:

Համալիր միջոցառումների իրականացնելուց հետո արդյունաբերական աճին հասնելուց հետո միայն կարելի խոսել հաջորդ քայլերի մասին՝ ասում է կենտրոնի տնօրենը:

ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից հայտնում են՝ հանրապետության տարբեր քաղաքներից դեկտեմբերի 20-ից մինչև տարեվերջ առգրավվել է մոտ 700 հատ  սիգ: Մոտ օրերս կհրապարակվեն նաև թարմացված տվյալները:

Առգրավված ձուկը սննդի անվտանգության ծառայության լաբորատորիայում ստուգում անցնելուց հետո ուղարկվել է Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր:

Կարդացեք նաև

Back to top button