

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց Ամանորին ընդառաջ գերիշխող ապրանքային շուկաներում խստացնել վերահսկողությունը:
Վարչապետի խոսքով՝ ամանորյա տոների շրջանում տնտեսական կտրուկ ակտիվությունից մի քանի անգամ ավելանում է սպառողական ապրանքների պահանջարկը: Դա, ըստ նրա, իր մեջ պարունակում է ապրանքների անհիմն բարձրացման որոշակի ռիսկեր:
Հաշվի առնելով այդ հանգամանքը, ինչպես նաև հանրության շրջանում առկա մտահոգությունները, Կարեն Կարապետյանն առաջարկեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահին, Ամանորին ընդառաջ խստացնել վերահսկողությունը գերիշխող ապրանքային շուկաներում գների անհիմն բարձրացումների, հակամրցակցային գործողությունների կանխարգելման նպատակով, ինչպես նաև իրականացնել ամենօրյա մոնիթորինգ՝ շուկայում կատարվող գնային փոփոխություններին օպերատիվ կերպով տեղեկանալու և հնարավոր խնդիրների դեպքում գործուն միջոցներ կիրառելու համար:




