

Համագործակցության 25-ամյակ. նոր հեռանկարներ. հայ-ճապոնական համագործակցության անցած շրջանն ամփոփել ու հեռանկարների մասին է խոսել Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էյջի Տագուչին:
Միայն տնտեսական հարաբերությունների զարգացումը բավական չէ երկու երկրների փոխհարաբերությունների և գործընկերության համար, շատ այլ ոլորտներ կան, որ կցանկանայինք հետագայում զարգացնել՝ շեշտել է դեսպանը:
Թեպետ պաշտոնապես Հայաստանն ու Ճապոնիան դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 1991 թվականին, սակայն, երկկողմ համագործակցության մեկնարկը տրվել էր ավելի վաղ: 88-ի Սպիտակի երկրաշարժի ժամանակ պատմության մեջ առաջին անգամ Ճապոնիան փրկարարական խումբ ուղարկեց Հայաստան:
«Կարծում եմ, որ միայն տնտեսական հարաբերությունների զարգացումը բավարար չէ երկու երկրների փոխհարաբերությունների եւ գործընկերության համար: Կան շատ այլ ոլորտներ, որոնք կուզենայինք զարգացնել»:
Ինչպես հայտնի է՝ Ճապոնիայից Հայաստան են ներկրվում մեքենաներ, սարքավորումներ, ծանր արդյունաբերական տեխնիկա: Դեսպանը կարծում է, որ լավ կլինի, եթե հետագայում հնարավորություն լինի Հայաստան ներկրել բժշկական սարքավորումներ, նոր տեսակի նյութեր: Դեսպանը վստահ է, որ դա հնարավոր կլինի և կհետաքրքրի հայաստանյան շուկային:
Ըստ դեսպանի՝ Ճապոնիայում շատ հետաքրքրված են հայկական գինով, մեղրով ու մրգաչրերով: Դեսպանի փոխանցմամբ՝ ներդրումների առումով ճապոնացիներին հետաքրքրում է նաև նորարար տեխնոլոգիաների ոլորտը, որը Հայաստանում նույնպես շատ զարգացած է, ինչպես նաեւ տուրիզմի և գյուղատնտեսական ապրանքների ոլորտը: Նա տեղեկացրեց, որ Ճապոնիայում կազմակերպվող «Ֆուդէքսպո» ամենամյա ցուցադրությանը հաջորդ տարի կմասնակցի նաեւ Հայաստանը: Կարծում է, որ դա խթան կլինի Հայաստանից Ճապոնիա հետագա արտահանումների համար:
Անդրադառնալով Հայաստանում Ճապոնական ներդրումների վերաբերյալ հարցին՝ Էյջի Տագուչին նշեց, որ այս տարին կարեւոր է ներդրումների առումով, քանի որ առաջիկայում Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ կստորագրվի ներդրումների համատեղ ծրագիր, ինչը կնպաստի ներդրումների ծավալների ավելացմանը:
«Այս համաձայնագիրը ոչ թե սահմանում է, թե կոնկրետ որ ոլորտներում են ներդրումներ կատարվելու, այլ ընդհանուր համաձայնագիր է, որը պարտադիր է ցանկացած երկրի հետ համագործակցության համար: Այն ավելի շատ ուղեցույց և ընթացակարգ է երկու կողմի իրավունքների, պարտականությունների մասին: Այսինքն՝ Ճապոնիայի ներդրողները պետք է իմանան, գիտակցեն, վստահ լինեն, որ ամեն ինչ կարգավորվում է ըստ օրենսդրության և այս համաձայնագրի: Թափանցիկությունը, արդյունավետությունը եւ ապագայի հանդեպ հավատով լի լինելը շատ կարեւոր գործոններ են ցանկացած ներդրողի համար եւ այդ համաձայնագիրն էլ հենց բազա է հանդիսանում»:
Հայաստանում Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչին, անդրադառնալով Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ համաձայնագրի ստորագրմանն ու ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը, նախ նկատեց, որ Հայաստանը աշխարհում միակ երկիրն է, որը նման ձեւաչափով համագործակցություն ունի, ապա համոզմունք հայտնեց, որ դա առավելություններից մեկն է, որը կարող է հետաքրքրել ամբողջ աշխարհի ներդրողներին ու այն մարդկանց, ովքեր կցանկանան ինչ-որ կազմակերպություններ կամ արտադրություն ստեղծել Հայաստանում: Դա պատճառներից մեկն է, որը հետաքրքրություն է ստեղծում նաեւ ճապոնացի ներդրողների շրջանում՝ եզրափակեց Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էյջի Տագուչին:




