Քաղաքական

Հնարավո՞ր է ԵՏՄ տարածքում լավ եվրոպական երկիր ունենալ

Բրյուսելում առաջիկայում կայանալիք ԵՄ գագաթաժողովում նախատեսված է, որ նոյեմբերի 24-ին կստորագրվի Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագիրը: Արդյո՞ք կան խոչընդոտող հանգամանքներ համաձայնագրի ստորագրման համար եւ ի՞նչ կտա փասթաթուղթը Հայաստանին: Այս հարցերի շուրջ այսօր անցկացված քննարկման ժամանակ հանրապետական պատգամավոր Արմեն Աշոտյանը կարծիք է հայտնել, որ համաձայնագիրն արտաքին քաղաքական կարեւոր հաջողություն է: Նա վստահ է, որ այն  հակադրության համաձայնագիր չէ, այլ՝ համադրման:

 

Նոյեմբերի 24-ին կստորագրվի Հայաստան-ԵՄ շրջանակային նոր համաձայնագիրը: Վավերացվելու համար այն որոշակի ժամանակ կպահանջի: Եվրոպական կողմում՝ ավելի շատ, քանի որ անդամ բոլոր 25 երկրները պիտի ստորագրեն: Արմեն Աշոտյանը, սակայն, կարեւորում է, որ համաձայնագրի բազմաթիվ դրույթներ, այդ թվում ֆինանսական աջակցության, սկսելու են գործել մինչեւ վավերացումը եւ դա, նրա ձեւակերպմամբ, կողմերի քաղաքական կամքի արտահայտման արդյունք է:

Խորհրդարանական ընդդիմադիր «Ելք» դաշինքն աջակցում է այս գործընթացին: Համաձայնագրի հետ կապված խնդիրներ չեն տեսնում՝ ասաց դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Հայաստանին որեւէ բան չի խանգարում այն ստորագրելու համար: Մարուքյանի խոսքով՝ դրանով մենք առանձնանում ենք այն երկրներից, որոնք չեն կարողացել ավելի շատ բարեփոխումներ անել, մասնավորապես՝ Ադրբեջանից: Եթե համաձայնագիրը կյանքի կոչվի ավելի առաջ կանցնենք՝ համոզմունք հայտնեց ընդդիմադիր գործիչը:

Նրա փոխանցմամբ՝ իրենք հետագայում էլ մոնիթորինգ կանցկացնեն՝ հետեւելու, որ համաձայնագիրը կյանքի կոչվի եւ որեւէ դրույթ չմնա թղթի վրա, կամ  իմիտացիոն գործընթացով չկատարվի: Այս դեպքում է, որ նախատեսված օգուտները տեսանելի կլինեն բոլորի համար:

«Հոդված 3» ակումբը կազմակերպել է հանրային քննարկում «Բրյուսելի գագաթաժողովից առաջ

Արմեն Աշոտյանը չկիսեց ընդդիմադիր գործչի դիտարկումը, թե մենք ժամանակ ենք կորցրել: Ըստ հանրապետական պատգամավորի՝ այդ ընթացքում բարեփոխումները Հայաստանում շարունակվել են: Մի բան, ինչն արել ենք մեզ համար՝ անկախ Եվրոպայի պահանջից: Նա համոզմունք հայտնեց, որ հնարավոր է ԵՏՄ տարածքում լավ եվրոպական երկիր ունենալ:

Հովհաննես Իգիթյանի գնահատմամբ՝ նոր համաձայնագիրը խորթ չէ: Պարզ լեզվով ասած՝ Հայաստանը ստանձնում է պարտավորություն իրականացնելու մեր Սահմանադրության մեջ նշված կետերը եւ միջազգային պարտավորությունները: ԵՄ-ն էլ, ըստ նրա, պատրաստ է ցույց տալ արդյունավետ ճանապարհը, ֆինանսավորել կամ աջակցել դրան՝ պարզաբանեց քաղաքական գործիչը:

Եվրոպական հարցերով փորձագետ Արթուր Ղազինյանի դիտարկմամբ՝ նոր համաձայնագրից շատ բան ակնկալել պետք չէ: Հիմնական նպատակը մարդկանց կյանքի բարելավումն է, իսկ դրա համար պետք է լուծվեն Հայաստանում առկա տնտեսական մրցակցության լուրջ խնդիրը: Փորձագետի գնահատմամբ՝ համաձայնագիրը տալիս է հնարավորություն եւ ցույց է տալիս, թե ինչպես պայքարել, ասենք, մենաշնորհների եւ նման բաների դեմ: Սակայն, թե ինչպես կօգտվենք դրանից՝ իրականացումից է կախված: Դա էլ իր հերթին՝ իրականացնելու կամքից՝ եզրափակեց եվրոպական հարցերով փորձագետը:

 

Կարդացեք նաև

Back to top button