
հրապարակված 10.44-ին
լրացված 15.34-ին

Ուսանողները շարունակում են բողոքի ցույցն ու դասադուլը՝ ընդդեմ Զինվորական ծառայության մասին նոր օրենքի, որով սահմանափակվում է տարկետման իրավունքը։
Օրինագծին կողմ եւ դեմ փաստարկներն ու հիմնավորումները նույնն են եւ, կարծես թե, որեւէ կողմ տեղի տալու ցանկություն չունի:
Որպեսզի ամեն կողմն իր համար իր փաստարկներն առաջ չտանի՝ պետք է իսկապես երկխոսություն լինի՝ լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը՝ շեշտելով՝ սա այնքան կոմպլեքս օրենք է, որ միանշանակ ասել, թե այն կունենա միայն բացասական ազդեցություն, կամ միայն դրական՝ ճիշտ չէ:
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները ԿԳ նախարարի հետ երեկվա հանդիպման արդյունքներից գոհ չեն եւ շարունակում են պայքարը: Նախաձեռնության անդամներից Դավիթ Պետրոսյան.
«ԿԳ նախարարը նշեց, որ մեր բերած մի շարք մտահոգությունների նա կողմ է եւ կարիք կա քննարկումների: Ուղղակի խնդիրն այն է, որ եթե համաձայնություն չկա օրենքի երկրորդ ընթերցումը կասեցնելու, այդ քննարկումները լինելու են անտեղի եւ դրա համար մենք նախարարի հետ համաձայնության այդպես էլ չեկանք»:
Օրենքին դեմ արտահայտվողներն իրենց տեսակետը հիմնավորում են նաեւ կրթության շարունակականության ապահովման անհրաժեշտությամբ: Այս հարցին այսօր անդրադարձել է նաեւ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:
Օրինագծի հիմնական կողմ փաստարկներից մեկն այն է, որ եթե ուսանողների 90 տոկոսը ծառայում է, ապա, սոցիալական արդարությունը ապահովելու համար պետք է ծառայի նաեւ մնացած 10 տոկոսը: Բողոքող ուսանողները, մինչդեռ, այն համոզմանն են, որ օրինագիծը սոցիալական արդարությունն ամենեւին էլ չի ապահովելու:
Կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանի կարծիքով նույնպես օրենքը չի կարող ապահովել արդարությունը, քանի որ, նրա ձեւակերպմամբ, մեր հասարակությունում միշտ էլ «բաշարողները» կգտնեն տարբերակներ, իսկ օրինագիծը բոլոր ճանապարհները չէ, որ փակում է: Ըստ փորձագետի՝ օրինագծում նաեւ շատ լավ բաներ կան, սակայն, խնդիրը դրանք աշխատեցնել կարողանալն է ու դրա հնարավորությունը:
Ուսանողների պայքարն օրենքի շրջանակներում, փորձագետի գնահատմամբ, ձեւի իմաստով, նորմալ է: Նա խնդիր չի տեսնում նաեւ կողմերի բերած փաստարկների ու հիմնավորումների հետ: Սակայն կարծում է, որ ծայրահեղացման կամ բեւեռացման չգնալու համար իրապես երկխոսություն է պետք:
Ուսանողների դասադուլն այսօր շարունակվել է բողոքի երթով: Հանրապետության հրապարակում կառավարության շենքի առջեւ ակցիայի մասնակիցները պահանջել են հանդիպում վարչապետի հետ՝ իրենց մտահոգություններն ու հիմնավորումները ներկայացնելու համար:
Ակցիայի մասնակիցներին հանդիպել է վարչապետի օգնականը՝ տեղեկացնելով, որ պատրաստ են հանդիպում կազմակերպել նախաձեռնության 5 անդամի մասնակցությամբ՝ առանց լրատվամիջոցների ներկայության, քանի որ այդպիսինն է աշխատանքային ձեւաչափը:
Խոստացվել է նաեւ, որ հանդիպման տեսագրությունը կտրվի նախաձեռնության անդամներին, ապա երկու ժամ անց կտեղադրվի նաեւ կառավարության կայքէջում եւ հասանելի կլինի լրատվամիջոցների համար:




