

Այսօր Բաքվում գործարկվում է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին: Բացման արարողությանը մասնակցում են նաև Թուրքիայի և Ղազախստանի նախագահները, Ուզբեկստանի վարչապետը:
Այս առիթով «Ռադիոլուր»-ը փորձել է տեսակետներ մեկտեղել նախագծի տարածաշրջանային նշանակության ու նպատակների մասին: Օրինակ, Վրաստանում Թուրքիայի դեսպանը կարծում է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի անհրաժեշտությունը չէր լինի, եթե կարգավորված լինեին հայ-թուրքական հարաբերությունները:
Իսկ Վրաստանում հիմնականում նշում են նախագծի տարածաշրջանային կարևորության մասին, թեև կան կարծիքներ, որ երկաթգիծը մեկուսացնում է Հայաստանը՝ թույլ չտալով ծրագրին Հայաստանի մասնակցությունը, միչև չհարթվեն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ Երևանի հարաբերությունները:
Վրաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից 2007թ.-ին մեկնարկած Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը իրականություն է դառնում ուղիղ 10 տարի անց: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կառավարման տարիներին սկսված նախագծի արդյունավետությունը թեև նոր իշխանությունները՝ հանձինս Վրացական երազանքի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի, կասկածի տակ առան, այդուհանդերձ շարունակեցին այն: Պաշտոնական Թբիլիսին այսօր խոսում է տարածաշրջանի երկրների, այդ թվում Հայաստանի համար երկաթգծի կարևորության մասին: Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության տրանսպորտային քաղաքականության բաժնի ղեկավար Քեթևան Սալուկվաձեն «Ռադիոլուր»-ի հետ զրույցում վստահեցնում է.
«Այս նախագիծը մեծ փոփոխություններ է բերելու։ Բացի այդ՝ այն դառնալու է տնտեսական կայունության երաշխիք ոչ միայն ծրագրի երեք մասնակից, այլև տարածաշրջանի մյուս երկրների համար»:

Վրաց փորձագետների կարծիքները, սակայն, տարբերվում է նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի նախկին խորհրդական, տնտեսական հարցերով փորձագետ Գիա Խուխաշվիլին մշտապես բարձրաձայնել է՝ նախագիծը հարված է վրացական նավահանգիստներին։ Այսօր արդեն նա անդրադառնում է նաև Հայաստանի մասնակցությանը.
«Ցանկալի է, որ նման նախագծերը տարածաշրջանային բնույթ կրեն, այսինքն՝ բոլոր երկրները ներգրավված լինեն, սակայն առկա քաղաքական խնդիրներից ելնելով, քիչ հավանական է, որ Հայաստանը կարող է ուղիղ մասնակցություն ունենալ այս ծրագրին»:
Իշխող «Վրացական երազանքի» պատգամավոր Դավիթ Ճիճինաձեն կարծում է. «Վրաստանում առկա յուրաքանչյուր նախագիծ պետք է եկամուտ բերի նաև Հայաստանին: Հակամարտությունները ժամանակավոր են, իսկ ծրագրերը՝ մշտական, դրանք պետք է միավորեն մարդկանց»:
Ինչ վերաբերում է Սամցխե- Ջավախեթիին, որտեղով անցնում է երկաթգիծը, կովկասագետ Ալեկո Կվախաձեի խոսքով.
«Այս երկաթգծի շահագործումը շատ կարևոր է տարածաշրջանի, հատկապես՝ Ախալքալաքի համար, որտեղով այն անցնում է։ Լրացուցիչ աշխատատեղեր կստեղծվեն, նախագիծը կօգնի շրջանի բնակչության ինտեգրացմանը»:
Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը գտնում է, որ ամեն դեպքում երկաթգծի շահագործումը զարկ է տալու շրջանի զարգացմանը»:
«Կսկսեն աշխատել հյուրանոցներ, ռեստորաններ, ակտիվություն կլինի: Այլ հարց է, թե արդյոք աշխտանքի կվերցնեն տեղացիներին»:
Փորձագետը կարծում է, որ Հայաստանը կարող է օգտվել ստեղծված իրավիճակից՝ նոր պայմաններ առաջ քաշելով Փոթիում ու Բաթումիում:




