Հասարակություն

Հաղարծինցիների բարձրացրած հարցերը վաղը կքննարկվեն


Երեկ Դիլիջանի տարածաշրջանի Հաղարծին գյուղի բնակիչները ի նշան բողոքի փակել էին Երեւան-Իջեւան ավտոճանապարհի՝ Հաղարծին գյուղի տարածքով անցնող միջպետական ավտոճանապարհը: ճանապարհը փակ էր պահվել մոտավորապես մինչեւ ժամը 22.00-ն: ճանապարհ փակելու պատճառը կառավարության՝ ոստիկանությանը տված հանձնարարականն է եղել, որով արգելվել է անտառներից վառելափայտ տեղափոխելը: Սա առաջացրել էր գյուղացիների զայրույթը, ովքեր ի նշան բողոքի դիմել էին նման քայլի: Պետական պատկան մարմինների ներկայացուցիչների՝ գյուղացիների հետ հանդիպելուց եւ խնդրին լուծում տալու պատրաստակամություն հայտնելուց հետո՝ գյուղացիները դադարեցրել էին ճանապարհը փակելու բողոքի ակցիան: 

Հաղարծինցիների բողոքի հետ կապված որոշ խոսակցություններ եղան առ այն, թե խնդիրը անտառից արդյունաբերական եւ բիզնես նպատակներով փայտի դուրսբերման հետ է կապված: Հաղարծինի վարչական շրջանի ղեկավար Գեւորգ Թամրազյանը, սակայն, մեզ հետ զրույցում շեշտեց, որ ազգային պարկից ծառ կտրելը բացառված է եւ տվյալ դեպքում խոսքը միայն չորուկների մասին է, իսկ  նման խոսակցությունները համարեց աբսուրդ:

Հաղարծինցիների բողոքի գործողության պատճառն այն էր, որ նրանք չեն կարողանում ձմռան վառելափայթ հայթայթել անտառներից, քանի որ արդեն մեկ ամիս է, ինչ ոստիկանության կողմից անտառներ տանող ճանապարհները փակվել են: Դժգոհությունների պատճառներից մեկն էլ չորուկների տեղափոխման համար տրվող ժամկետն է՝ փոխանցեց Հաղարծինի վարչական ղեկավարը:

Ի նշան բողոքի ճանապարհը փակած հաղարծինցիների հետ հանդիպել էր ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը: Ակցիայի մասնակիցների հետ զրույցից հետո ճանապարհը բացվել էր: Գեւորգ Թամրազյանը մեզ հետ զրույցում ասաց, որ պատրաստակամություն է հայտնվել պատկան մարմինների հետ քննարկել եւ խնդրին լուծում տալ: Նրա խոսքով՝ իր ունեցած տեղեկություններով անտառներում եղած թափուկը բավարար չէ՝ բնաչկության վառելափայտի պահանջները բավարարելու համար:

Ինչպիսի լուծումներ կտրվեն՝ պարզ կլինի համապատասխան բոլոր մարմինների համատեղ քննարկումների արդյունքում: Նախապես լուրեր էին տարածվել, որ նման շահագրգիռ քննարկում պետք է կայանար այսօր. Հաղարծին այցելած պատասխանատու մարմինների ներկայացուցիչները տեղում պետք է քննարկեին հաղարծինցիների բարձրացրած հարցերը:

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, մեզ հետ կարճ հեռախոսազրույցում տեղեկացրեց, որ նման քննարկում իսկապես նախատեսված է, բայց ոչ թե այսօր էր նախատեսված, այլ՝ այն տեղի կունենա վաղը՝ վարչապետի հետ հանդիպման ժամանակ:

Կարդացեք նաև

Back to top button