Քաղաքական

Քաղաքական աշուն. քաղաքացիների եւ քաղաքական գործիչների սպասումները


Ամռան տապից հետո էլ քաղաքական դաշտում ակտիվացում դեռեւս չի նկատվում: Ազգային ժողովի աշխատանքների վերսկսմամբ պայմանավորված` խորհրդարանական ուժերը կվերագտնեն իրենց ամբիոնը: Այդ ժամանակ, թերեւս, քաղաքական կյանքը աստիճանաբար կսկսի ակտիվանալ: Իսկ ի՞նչ էական խնդիրների լուծումներ կկարեւորեն խորհրդարանական քաղաքական ուժերն ու ինչ հարցեր կբարձրաձայնեն, որոնք ուղղակիորեն բխում են  ընտրողների ակնկալիքներից եւ ի՞նչ սպասելիքներ ունեն իրենք՝ ընտրողները: 

Անցած քաղաքական ամռան կարեւոր առանձնահատկություններից մեկը նախորդների համեմատ, թերեւս, այն էր, որ որևէ քաղաքական ուժ կամ գործիչ չհայտարարեց, թե աշունը թեժ է լինելու: Այդ մասին վերջին տասնամյակում գրեթե միշտ հնչում էր հատկապես ընդդիմադիր ճամբարից: ԱԺ հանրապետական խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը, կարծում է, որ դա  պայմանավորված էր խորհրդարանական կառավարման համակարգին անցման փուլով.

«Քանի որ փոխվում են դերակատարները, համակարգ է փոխվում, այդ խոսակցությունները տեղափոխվեցին դեպի գարուն: Իսկ աշունը թեժ է լինելու, բայց աշխատանքային առումով: Մնացած առումներով, կարծում եմ, առանձնապես թեժ պայքար, չի սպասվում, քանի որ նոր են ընտրությունները վերջացել եւ մենք պետք է ավելի շատ լծվենք մեր աշխատանքին»:

Որոշ վերլուծությունների համաձայն՝ հանրապետական կուսակցությունում պասիվությունը նկատելի է, քանի որ այնտեղ սպասողական վիճակ է՝ կապված այն բանի հետ, թե ո՞վ կլինի երկրի ղեկավարը 2018 թվականից հետո: Կարինե Աճեմյանը, սակայն, նման դիտարկումները չի կիսում:

«Մենք այդպիսի խնդիր չունենք: Մենք ընդամենը ունենք համախմբված աշխատանքի խնդիր»:

Ամառային անդորրը մի փոքր խախտեցին, խորհրդարանական  ընդդիմադիր «Ելք» դաշինքից հնչած, քաղաքական աշնան սեզոնը ԵՏՄ-ից դուրս գալու շուրջ գրոհներով բացելու մասին հայտարարությունները: Այսպիսի ձեւակերպումներ եղան լրատվամիջոցներում, սակայն, «Ելք» դաշինքի խորհրդարանական խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը մեզ հետ զրույցում դրանք բնութագրեց որպես զուտ մամուլի հրապարակումներ, այդուհանդերձ՝ հաստատելով նաեւ, որ դա իրենց խմբակցության օրակարգային հարցերից մեկն է:

Մամուլի ինչ-որ լուսաբանումների մասին է խոսքը: Իմ հայտարարությունը այլ բանի մասին է եղել:  Խմբակցությունը հիմա քննարկում է օրակարգը: Օրակարգի հարցերը երբ որ կվերջնականանան, բնականաբար, բոլորին կտեղեկացնենք: Այդ հարցը նույնպես օրակարգային հարց է:

Մամուլում եղան հրապարակումներ նաեւ այն մասին, որ Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունն էլ իր հերթին է պատրաստվում աղմկահարույց նախագիծ ներկայացնել: Խոսքը  Երևանի այն փողոցների և դպրոցների անվանափոխությանն է վերաբերում, որոնք կրում են բոլշևիկների անուններ: Ընտրող քաղաքացիները, մինչդեռ, նման հարցերի անպտուղ բարձրաձայնումը չէ, որ առաջնային են համարում: Սա նաեւ պարզ դարձավ մեր անցկացրած փոքրիկ հարցախույզից:

Արդյո՞ք խորհրդարանական ուժերը հաշվի առնում են ընտրազանգվածի սպասելիքներն իրենց աշխատանքներում: Ընտրողների ունեցած սպասումների ու այդ ուղղությամբ իրենց նախատեսած աշխատանքների մասին «Ծառուկյան» դաշինքից եւ  ՀՅԴ խմբակցությունից չցանկացան հստակեցնել:

Էդմոն Մարուքյանը շեշտեց, թե  «Ելք» դաշինքն ընտրություններին մասնակցել է  ծրագրով, որը եւ իրենց աշնանային օրակարգը կազմելիս դրվելու է  հիմքում:

«Այսինքն, ծրագրի կետերը հերթականությամբ մենք իրականացնելու ենք: Մենք ձայն ենք ստացել ծրագրի համար եւ ծրագրի կետերն էլ իրականացնելու ենք, ինչը բնական, քաղաքական պրոցես է ու բնական երեւույթ»:

Խորհրդարան մտած քաղաքական ուժերից քաղաքացիների ունեցած սպասելիքների մասին մեր փոքրիկ հարցախույզը նաեւ այսպիսի պատկեր արձանագրեց:

ԱԺ մեկնարկելիք նստաշրջանի ամենագլխավոր խնդիրը մեծ թվով օրինագծերի համապատասխանեցումն է նոր Սահմանադրությանը, ինչը, հանրապետական պատգամավոր Կարինե Աճեմյանի խոսքով, գուցե ընտրողի տեսանկյունից չերեւացող է, բայց՝ կարեւոր.

«Սա, թվում է թե, չերեւացող աշխատանք է եւ, երեւի թե, այնքան էլ հասարակությանը հուզող չի, բայց դա ամենահրատապն է, որ պետք է արվի: Ինչ վերաբերում է կոնկրետ հասարակությանը վերաբերող խնդիրներին, դրանք յուրաքանչյուր խմբակցության, առանձին պատգամավորների խնդիրներ են, որոնք լուծումների կարիք ունեն եւ, ես կարծում եմ, որ ամեն պատգամավոր իր տարածքն ունի աշխատանքի, որը պիտի իրականացնի»:

Կարինե Աճեմյանն էլ կարեւորեց խորհրդարան անցած ուժերի կողմից ընտրություններում ներկայացրած ծրագրերի իրականացումը: Կարծում է, որ հենց այդ ակնկալիքով էլ ընտրողը տվել է իր ձայնը այս կամ այն ուժին, իսկ գնահատելու համար ժամանակ է պետք:

Կարդացեք նաև

Back to top button