

Վրաստանում վստահեցնում են, որ սկսելու են «Էլեկտրիկ Թբիլիսի» ակցիան՝ հետևելով «Էլեկտրիկ Երևանի» օրինակին: Անցած շաբաթ ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունն առաջին նստացույցն է անցկացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի առջև, որտեղ քննարկվում էր էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու մասին «Թելասի» բաշխիչ ընկերության հայտը: Որքանով է հնարավոր «Էլեկտրիկ Երևանի» կրկնությունը Թբիլիսիում՝ փորձել է պարզել «Ռադիոլուր»-ը:
«Ժողովուրդը պետք է արթնանա: Այլևս քնել չի կարելի». նման կոչով ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունը Թբիլիսիում սկսում է բողոքի ակցիաներ՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր բարձրացման: Կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նշում է, որ իրենք կանգ չեն առնելու. «Ես ասել եմ, որ երևանցիների գործողությունները մեզ համար օրինակ են։ Առանց քաղաքականության, առանց որևէ մի կուսակցության ու առաջնորդի մարդիկ դուրս էին եկել պաշտպանելու իրենց իրավունքը: Մենք թբիլիսցիներին կոչ ենք անում հետևել այդ քայլին»:
Վրաստանում էլեկտրաէներգիա մատակարարող «Թելասի» ընկերությունը, որի բաժնեթղթերի երկու երրորդը պատկանում է ռուսական «ԻՆՏԵՐ ՌԱՕ»-ին, մայրաքաղաքում էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու պահանջով դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: Վերջինս վերջնական որոշումը կկայացնի մինչև տարեվերջ: Նաթելաշվիլին վստահեցնում է, որ Լեյբորիստական կուսակցությունը սակագնի բարձրացում թույլ չի տալու.
«Էլեկտրոմայդանը պետք է դառնա վերջին կետը: Մենք վստահ ենք, որ միլիարդատերի իշխանությունը չի հեռանա, եթե ժողովուրդը բողոքի զանգվածային ակցիաներ չսկսի»:
Նաթելաշվիլին վստահ է՝ «Թելասի» ընկերությունը ռուսական է համարվում, բայց իրականում, ըստ նրա, պատկանում է իշխող «Վրացական երազանք»-ի հիմնադիր, նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիին և էներգետիկայի նախկին նախարար Կախա Կալաձեին:
Որքանով է հնարավոր «էլեկտրիկ Թբիլիսին», Վրաստանում նշում են, որ թեև բոլոր հիմքերը դրա համար կան, սակայն քաղաքական հարցերով վերլուծաբան Սոսո Ցինցաձեն դա անիրատեսական է համարում.
«Կարո՞ղ է արդյոք Նաթելաշվիլին իր շուրջը մոբիլիզացնել մարդկանց մեծ զանգված։ Ես կասկածում եմ»:
Ցինցաձեն կարծում է, որ այս հարցում մարդկանց փողոց հանելու համար պետք է խարիզմատիկ լիդեր: «Էլեկտրիկ Թբիլիսիի» հեղինակ Շալվա Նաթելաշվիլիի գլխավորած կուսակցությունը «Վրացական երազանք»-ի իշխանության տարիներին խորհրդարանական ընտրություններում չի կարողացել հաղթահարել ընտրական հինգ տոկոսի շեմը:




