Հասարակություն

Գորիսեցի տղաները «Սևան Ստարտափ-2017»-ից դատարկաձեռն չեն վերադարձել

Անի Մինասյան

«Ռադիոլուր»

Գորիսը շատերիս պատկերացումներում փոքր քաղաք է՝ տեխնոլոգիական զարգացումներից կարծես  հեռու, կենտորնացած հիմնականում գյուղատնտեսության ու անասնապահության վրա: 2015թ. ամռանը երիտասարդ ծրագրավորող-ինժեներներ Արթուր Խոջաբաղյանն ու Հրայր Առուստամյանը որոշեցին փոխել մեր պատկերացումներն ու Հայաստանի հարավում եռաչափ տպիչների արտադրություն հիմնել: «ՕգմենթԱր» ընկերության արտադրած սարքերն արդեն կիրառվում են Հայաստանի դպրոցների ռոբոտաշինության ու ինժեներական խմբակներում, իսկ ծրագիրը մրացանակներ է ստանում:

2015-ի ամռանը 2 երիտասարդ  ծրագրավորող-ինժեներ Գորիսից՝  Արթուր Խոջաբաղյանն ու Հրայր Առուստամյանը,  որոշեցին Հայաստանի հարավում եռաչափ տպիչների արտադրություն հիմնել: Ընկերությունն անվանեցին «ՕգմենթԱր», որի  արտադրած տպիչներն արդեն կիրառվում են Հայաստանի դպրոցների ռոբոտաշինության ու ինժեներական խմբակներում:

2012-ին Արթուրը «Ինստիգեյթ» ընկերության հիմադիր Վահագն Պողոսյանի կողմից Գորիսում ընկերության մասնաճյուղ հիմնելու առաջարկ է ստանում: Առաջարկը չի մերժում, իսկ  ընկերությունում աշխատելու տարիներին ծնվում է եռաչափ տպիչների արտադրություն սկսելու գաղափարը:

Այն ժամանակ քչերն էին հավատում, որ հեռու այդ քաղաքում հնարավոր է եռաչափ տպիչ արտադրել, ասում են «ՕգմենթԱր» ընկերության հիմնադիրներն ու  հպարտությամբ ավելացնում՝ իրենք կարողացան մտածելակերպ փոխել ու հեղափոխել պատկերացումները Գորիսի հնարավորությունների մասին:

Այսօր Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) «ՕգմենթԱր»-ի միակ պատվիրատուն է: Այն իրականացնում է հանրակրթական դպրոցներում ռոբոտաշինության խմբակների և ինժեներական լաբորատորիաների հիմնման ծրագիրը: Աշակերտները համակարգչային ծրագրով նախագծում ու եռաչափ տպիչներով պատրաստում են փոքրիկ խաղալիքներ, շախմատի քարեր, հուշանվերներ ու անգամ հենց նույն տպիչի պլաստմասե դետալները՝ նորն արտադրելու համար:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը ռոբոտաշինության խմբակների ու ինժեներական լաբորատորիաների ծրագրի մասին ընդգծված խանդավառությամբ է պատմում:

«ՕգմենթԱր»-ի գորիսեցի տղաներն այս տարի մասնակցել են «Սևան Ստարտափ-2017-ին» և  դատարկաձեռն չեն վերադարձել: Ներկայացրել են իրենց Ստարտափ-ն ու գրավել երկրորդ տեղը՝ ստանալով 2500 ԱՄՆ դոլլար մրցանակ:

Մայրաքաղաքից 240 կմ հեռավորության վրա գտնվող Գորիսը և ընդհանրապես Սյունիքի մարզը ապագայում կարող են դառնալ Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոններից մեկը, ասում է Կարեն Վարդանյանը: «ՕգմենթԱր»-ի օրինակը վարակել է տեղի դպրոցականներին: Նրանք նույնպես սկել են եռաչափ տպիչների արտադրությամբ հետաքրքրվել:

Կարդացեք նաև

Back to top button