Հասարակություն

Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության լուրը անակնկալի է բերել համագյուղացիներին


Երեկ կեսգիշերն անց  Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի մատուռի հարևանությամբ,  Դալարիկի ձոր կամ Մաստարա սելավատարի Դալարիկ գյուղի հատվածում հայտնաբերվել է Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի դին, որը կապկպված է եղել երկաթներով: Մանուկ Սիմոնյանը որոնվում է հուլիսի 23-ից՝ կնոջ հայտարարության հիման վրա, ըստ որի Հուլիսի 22-ի ուշ երեկոյան ժամը 22-ից 23-ն ընկած ժամանակահատվածում Մանուկ Սիմոնյանին Սարդարապատ գյուղի իր առանձնատան մոտ անհայտ անձը դուրս է կանչել տանից, որից հետո նա տուն չի վերադարձել:

 

Հարևանները պատմում են, որ իրենց զբաղվածության ու գյուղատնտեսական աշխատանքներից  հոգնածության պատճառով երեկոյան դրսում չեն եղել և շրջապատում չեն տեսել Մանուկ Սիմոնյանին դուրս կանչող տղամարդուն: Հարևանուհի Շուշանիկ Ասլանյանը  Մ. Սիմոնյանին քիչ էր տեսնում, քանի որ զբաղվածության պատճառով նա ավելի վաղ էր գնում տանից և ուշ վերադառնում: Հարևանները բարի-դրացիական կապերի մեջ են եղել սպանվածի ընտանիքի հետ, Շուշանիկ Ասլանյանը ասաց, որ իրենք բացի հարևանությունից նաև քավոր սաներ են: Նա սպանվածին բնութագրեց, որպես լավ մարդ, բոլորին  հնարավորության սահմաններում օգնող:

Սարդարապատ գյուղում սպանություն իրականացնելու ոչ մի վարկած չի շրջանառվում: Հարևանների մոտ որևէ կասկած չկա, թե ով կարող է հանցագործությունն իրականացրած լինել:

Մյուս հարևանուհին՝ Անահիտ Մարկոսյանը զարմացած էր կատարվածից, հիվանդության պատճառով վերջերս քիչ են շփվում, և անհավանական համարում թշնամական մոտեցումը:

«,Ոչ պարտքեր ուներ, ոչ էլ բանկերի հետ գործ ուներ: Նա զարգացած ու կիրթ մարդ էր,  մենք ուրիշ հարևաններ ենք եղել»:

Արդեն  3 օր  Արմավիրի մարզպետարանի խորհրդական Արամ Ղահրամնայանը մենակ է մնացել աշխատասենյակում: Նրանք  2.5 տարի  միասին են աշխատել: Արամ Ղահրամանյանը Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի եղբայրն է, համատեղ  աշխատանքի ընթացքում շատ էր մտերմացել Մանուկ Սիմոնյանի հետ:

Վերջին անգամ տեսել էր ուրբաթ օրը. «Ուրբաթ օրը հյուրեր ունեին Կորեայից, մարզպետի հետ հանդիպումից հետո ես, Սիմոնյանն ու գյուղվարչության պետ Այվազյանը միասին հյուրերին ուղեկցեցինք Էջմիածին, լոլիկի ջերմոցներ, հետո ճանապարհել  Երևան ու վերադարձել ենք մարզպետրան: Ուրբաթ օրվա աշխատանքի ավարտից հետո չեմ տեսել: Նա ինձ համար մտերիմ ընկեր էր, ախպեր: Շատ զարգացած մարդ էր»:

Արմավիրի մարզպետի խորհրդականի մասին ներկայացրեց նաև Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը, ով շատ ավելի վաղուց է ճանաչում նրան . «Նրան ճանաչել եմ, որպես ինտելեկտուրլ մարդ, շատ լավ ընտանիքի զավակ է եղել, պարտաճանաչ էր իր գործում»:

Մանուկ Սիմոնյանը Արմավիրի մարզպետի խորհրդական է աշխատում 2015 թ փետրվարի 17-ից: Նա  մինչ այդ իր թեկնածությունն էր առաջադրել Արմավիրի քաղաքապետի ընտրություններին, ապա ինքնաբացարկ ներկայացրել և աշխատանքի անցել Արմավիրի մարզպետարանում: Մինչ այդ գլխավորել է  Պարիտեր ինվեստ ՍՊԸ-ն, որտեղ համակարգչային ուսուցում  և համակարգիչների վերանորոգում է կազմակերպվում: Ամուսնացած է և ունի մեկ որդի:

Կարդացեք նաև

Back to top button