
Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
Հայաստանում բնության հատուկ պահպանվող տարածքները այսօր ընդհանուր առմամբ կազմում են 380 հազար հա արգելոցների, արգելավայրերի, ազգային պարկերի, բնության հուշարձանների տեսքով: Հանրապետությունում կա 3 արգելոց, 4 ազգային պարկ, 26 արգելավայր և 230 բնության հուշարձաններ: Վերջիններիս ցանկը յուրաքանչյուր տարի վերանայվում է, իրականացվում են անձնագրավորան աշխատանքներ, հայտնեց ՀՀ բնապահպանության նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը:
Ըստ պաշտոնյայի՝ բնության հատուկ պահպանվող տարածքներում կատարվում են սահմանների ճշգրտման և կադաստրային գրանցման աշխատանքներ: Պահպանման հարցում բավականին խնդիրներ կան, խոստովանեց նա։
Մեր երկրի բնության պահպանման տարածքներում ներկայացված է կենսաբազմազանության 60-70 տոկոսը, նշեց բնապահպանության նախարարության ներկայացուցիչը:
Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանը հավելեց, որ ի թիվս այլ ծրագրերի այժմ ընթանում է բնության հատուկ պահպանվող տարածքների ընդլայնման գործընթացը:
Այս տարածքների պահպանման մեջ իր լուման ունի և Կովկասի բնության հիմնադրամը, հայտնեց մեր երկրում կազմակերպության համակարգող Արման Վերմիշյանը:
Անդրադառնալով Սյունիքի մարզի 50 հազար հեկտար արոտավայրը իրանական կողմին վարձակալության տալու խնդրին՝ բնապահպանները իրենց մտահոգությունը հայտնեցին այս հարցի շուրջ: Ըստ Կարեն Մանվելյանի՝ խոսքը արգելավայրերի մասին է։
Բնապահպանության նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը հայտնեց, որ այս հարցը դեռ վերջնական լուծում չի ստացել և բավականին լրջորեն քննարկվում է տարբեր պետական գերատեսչություններում: Ըստ նրա՝ ամենայն հավանականությամբ որոշումը կհրապարակվի մի քանի շաբաթից:




