
Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
Ատամնաբույժները շարունակում եմ բողոքել անցած տարեվերջին ընդունված «Արտոնագրային վճարների մասին» օրենքի դեմ: Ըստ ատամնաբուժական կլինիկաներից մեկի ղեկավար Արմեն Վանցյանի՝ օրենքի պատճառով արդեն իսկ փակվել են մի շարք ատամնաբուժարաններ:
Օրենքով նախատեսվող հաստատագրված հարկի կիրառումը ատամնաբուժներիհամար, Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանի խոսքով, կործանարար հետևանքներ կունենա:
80 հազար դրամ ամսական հաստատագրված հարկի ներդրման արդյունքում մեր երկիրը կարող է կորցնել այսպես կոչված «դենտալ» տուրիզմի տարածաշրջանային կենտրոնի համբավը: Շատերը արտասահմանից գալիս են Հայաստան ատամները բուժելու համար, քանի որ մինչ օրս այս ծառայությունը մեր մոտ ավելի մատչելի էր, քան արտերկրում:
Ավելին, ըստ Վանցյանի, օրենքը փաստացի հարված էր իշխանությունների դեմ այս նախընտրական շրջանում:
Երևանում և մարզերում հաստատագրված հարկի բեռի տակ արդեն փակվում են փոքր ատամնաբուժարանները:
Ինչևէ, այս օրենսդրական փոփոխությունները կարծես թե կրում են իրավիճակային բնույթ: Ըստ ատամնաբույժի՝ հայաստանյան ստոմատոլոգիայում առկա էն ոլորտի մոնոպոլիզացիայի միտումները: Արմեն Վանցյանին հայտնի է դարձել, որ արտերկրից մեծ քանակությամբ թանկարժեք սարքավորումներ են ներմուծվել և, ըստ որոշ տեղեկությունների, ստեղծվելու են ատամնաբուժական ցանց:
Ամեն դեպքում՝ բժիշկը չբացառեց, որ ինքը ևս ստիպված կլինի փակել իր կլինիկան և լքել երկիրը:




