

Համեստ, ինտելեկտուալ, լայն աշխարհայացքով. «Ռադիոլուր»-ի հյուրը 20-ամյա Կարոտիկ Գալստյանն է: Նա 2015-2017 թթ ծառայել է ԼՂՀ ՊԲ-ում՝ Հակաօդային պաշտպանության զորքերում: Զորացրվել է այս տարվա հունվարին: Այսօր՝ ապրիլյան պատերազմի տարելիցին, նա որոշ դրվագներ է հիշում ծառայության օրերից:
Կարոտիկ Գալստյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հիշում է, թե ինչպես մեկ տարի առաջ նույն այս ժամերին առաջին անգամ դեմ հանդիման կանգնեցին իրական պատերազմին:
Հասկացան՝ այն, ինչ միայն գրքերում էին կարդացել, այժմ իրականում են տեսնում: Սկզբում ամեն ինչ ֆիլմի նման էր՝ թվում էր հրավառություն է երկնքում, հետո ՝ ավելի լրջացան ու ֆիլմի դրվագները իրական կյանք տեղափոխվեցին:
Ամեն ինչ ավելի քան իրական էր՝ պատերազմ էր: Ստացած գիտելիքները գործնականում կիրառելու ժամանակն էր: Նույնիսկ այդ պահին էին իրար համոզում, որ հեռվից լսվողը ոչ թե արկերի, այլ՝ ամպերի որոտն է, սակայն իրականությունը բոլորովին այլ էր:18 տարեկան երիտասարդները օրեր շարունակ Արցախի երկնքում «լուսային շոուի» ականատես եղան, այսօր՝ արդեն քաղաքացիական կյանքում հնարավոր չէ ջնջել ապրիլյան պատերազմի օրերի և ոչ մի դրվագ:
Զինվորականի ճշտապահությամբ, արտահայտություններում շատ զգույշ՝ զրուցակիցս, պատերազմի օրերից շատ մանրամասներ չի պատմում: Միայն ասում է, որ մարտական առաջադրանք կատարելիս կապի միջոցը ռադիոն էր, ինֆորմացիա ստանում էին ռադիոյի միջոցով:
Համեստորեն լռում է, ավելին, նշում, որ իրենք հեռվից են հսկել հայրենի օդային տարածքը: Հարցին, թե երբ ավարտեց պատերազմը, երիտասարդ զրուցակիցս հասուն պատասխան է տալիս:
«Ես չեմ մասնակցել պատերազմին»,- ասում է Կարոտիկը, նշում, որ մասնակցել են այն տղաները, ովքեր առաջին գծում են կռվել, նաև հավելում է՝ իսկական կռվողները դրանով չեն պարծենում:
«Պատերազմը վատ բան է»՝ ասում է, սակայն վատ բանի մեջ էլ դրականն է տեսնում Կարոտիկ Գալստյանը:
Ամերիկյան համալսարանում բիզնես կառավարում մասնագիտության մեջ հմտացող զրուցակիցս երազանք ունի՝ դառնալ ռեժիսոր ու համաշխարհային էկրան բարձրացնել Արցախյան պատերազմի դրվագները:




