
2017 թ. փետրվարի 20-ին Արցախի Հանրապետությունում (Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում) կայացել է հանրապետության նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ համաժողովրդական հանրաքվե։ Քվեարկությանը մասնակցել է գրանցված ընտրողների 76,44 %-ը, որից 87,6 %-ը կողմ է քվեարկել նոր Սահմանադրության ընդունմանը։
Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ ԱԳՆ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քվեարկության ընթացքին հետևել են ավելի քան 100 միջազգային դիտորդներ 30 երկրներից, ովքեր դրական են գնահատել հանրաքվեի կազմակերպումն ու անցկացումը՝ ընդգծելով ընտրությունների թափանցիկությունը և համապատասխանությունը միջազգային չափանիշներին։
«Նոր Սահմանադրությունը կոչված է շարունակելու առաջին Սահմանադրությամբ ամրագրված պետականաշինության ավանդույթները, նպաստելու երկրի ինքնիշխանության հետագա ամրապնդմանը, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ապահովմանը, պետական կառավարման համակարգի կատարելագործմանը, անկախ դատական իշխանության արմատավորմանը և տեղական ինքնակառավարման համակարգի բարեփոխմանը։ Կարևոր նորամուծություններից է օրենսդրական նախաձեռնության իրավունքի տրամադրման միջոցով հանրապետության քաղաքացիների ուղղակի մասնակցության ընդլայնումը պետական գործերի կառավարմանը, այդ թվում՝ Սահմանադրության փոփոխությանը։
Բոլոր միջոցներով, այդ թվում՝ ռազմական ճանապարհով Արցախի ժողովրդի տվյալ անկապտելի իրավունքը ճնշելու Բաքվի ձգտումը հանգեցրել է ռազմական հակամարտության և առ այսօր մնում է տարածաշրջանում լարվածության պահպանման հիմնական աղբյուրը և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի բացակայության պատճառը։
Արցախի պետականության ժողովրդավարական զարգացումն անշրջելի գործընթաց է։ Ադրբեջանի կողմից այդ փաստի անտեսումը, որն արտահայտվում է Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման իրավունքի ժխտման մեջ, դեպի անցյալ վերադառնալու ձախողման դատապարտված փորձ»,- հայտնում են ԱԳՆ-ից։




