
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Ռուբեն Մելիքյանը փետրվարի 14-ին Ստրասբուրգում ղարաբաղյան քառօրյա պատերազմի ժամանակ մարդու իրավունքների ոտնահարման վերաբերյալ զեկույց է ներկայացրել, որին հաջորդել է ՄԻՊ-ի և Եվրախորհրդարանի անդամ Ֆրանկ Էնգելի համատեղ մամուլի ասուլիսը:
Հայտնի է, որ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մելիքյանն Ադրբեջանի կողմից իրականացված մարդու իրավունքների խախտումների համատեքստում անդրադարձել է նաև բլոգեր Ալեքսանդր Լապշինի աղմկահարույց գործին:
Նա մանրամասնել է, որ այդ հարցի շուրջ բազմաթիվ քննարկումներ է ունեցել ԵԽ պատգամավորների և իրավապաշտպանների հետ:
«Լապշինի դեպքը խիստ անհանգստացնող է, քանի որ ստեղծվել է մի իրավիճակ, երբ փորձ է արվում Արցախում լռեցնել խոսքի ազատությունն ու մարդկանց համար վտանգավոր դարձնել Արցախ գնալը: Մարդու իրավունքների տեսանկյունից՝ սա խիստ անհանգստացնող հարց է»,-ասել է Ռուբեն Մելիքյանը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացիություն ունեցող բլոգեր Ալեքսանդր Լապշինը Բելառուսի իշխանությունների կողմից արտահանձնվել է Ադրբեջանին և փետրվարի 7-ին հատուկ չվերթով Մինսկից տեղափոխվել է Բաքու:
Բլոգերը ձերբակալվել է անցած տարվա դեկտեմբերի 15-ին Մինսկում՝ Ադրբեջանի դիմումի համաձայն։ Նրան ներկայացված մեղադրանքների համար կարող է 5-8 տարվա ազատազրկում սպառնալ:
Ադրբեջանը լրագրողին ներառել էր երկրի «սև ցուցակում» 2011-ին և 2012-ին Արցախ այցելելու համար:
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, անդրադառնալով բլոգերի արտահանձնմանը, հայտարարել էր, որ Ալեքսանդր Լապշինի հետապնդումը, Ադրբեջան նրա արտահանձնումը խոսքի ազատության և ազատ տեղաշարժի, մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն ոտնահարում է, որը կրկին անգամ ի ցույց է դնում բռնապետության և ժողովրդավարության միջև առկա խորը անդունդը։




