

ԳԱԱ-ում այսօր տեղի է ունեցել «Համազգային միասնականությունը որպես մեր ուժի, հզորության գրավական» մրցանակաբաշխությունը: Մրցույթը հայտարարվել է Գիտությունների ազգային ակադեմիայի, Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության և Սփյուռքի նախարարության կողմից: Այն նվիրված է Հայաստանի անկախության 25-ամյակին: Մրցույթին ներկայացված աշխատանքներն արտացոլում են 21-րդ դարի մարտահրավերների պայմաններում համազգային շահերի շուրջ հայության տարբեր հատվածների համախմբման համար անհրաժեշտ խնդիրների վերլուծությունը ու դրանց լուծման եղանակների գիտական հիմնավորումները, ՀՀ պաշտպանության խնդիրը, որպես համազգային միասնության առանցքային արժեք ու առաջնահերթություն: Մրցույթին մասնակցել են Հայաստանի Հանրապետության, Արցախի և Սփյուռքի գիտնականներ:
Մրցանակները սահմանվել են հետևյալ անվանակարգերում` Հայաստանի Հանրապետությունը և 21-րդ դարի մարտահրավերները, որտեղ ունենք 1 հատ 3-րդ մրցանակ, մրցանակակիրը` Արմեն Մանվելյանն է «Էներգետիկ անվտանգությունը և աշխարհաքաղաքական մարտահրավերները Կովկաս-Կասպյան տարածաշրջանում» աշխատության համար։
«Արցախի հիմնահարցը և խնդրի վերջնական լուծման հեռանկարները համազգային միասնության համատեքստում» անվանակարգում առաջին մրցանակ է շնորհվել քաղաքագետ Սերգեյ Մինասյանին՝ «Զսպումը ղարաբաղյան հակամարտությունում» աշխատության համար: Աշխատության հեղինակը փորձել է ուսումնասիրել և առաջարկել քաղաքական, դիվանագիտական և ռազմաքաղաքական լուծումներ, որոնց նպատակն է ոչ պատերազմ ոչ խաղաղություն պայմաններում զսպել ադրբեջանական կողմի ռազմական ագրեսիան: Ավելին՝ պատկան մարմիններն արդեն իսկ արձագանքել են քաղաքագետի աշխատությանը:
Վերադառնալով անվանակարգերին՝ նշենք, որ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթությունները անվանակարգում 2- րդ մրցանակակիրը Գոհար Իսկանդարյանն է՝ «Հայաստան-Իրան հարաբերությունները Հայաստանի անկախության ձեռքբերումից հետո» աշխատությնի համար։
Հաջորդը «Հայաստանի Հանրապետության պաշտպանության խնդիրը որպես համազգային միասնության առանցքային արժեք և առաջնահերթություն» անվանակարգն է, որտեղ 2-րդ մրցանակակիր է ճանաչվել Գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը՝ «Չսկսված և չավարտված պատերազմը» աշխատության համար։ Վերջին՝ «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական և քաղաքական զարգացման հեռանկարները համազգային միասնության համատեքստում» անվանակարգում մրցանակակիրներ չկան:




