

Անցնող տարին աստղագիտության համար բավականին հաջող էր և կարևոր: Լրացավ Բյուրականի աստղադիտարանի 70-ամյակը և վերջապես շահագործվեց մեծ դիտակը՝ ներկայացնելով անցնող տարվա կարևոր իրադարձությունները նշել է աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը: Տարին առանձնացել է նաև գիտական նոր հետազոտություններով, գործուղումներով և նոր կապերով։ Իհարկե՝ ոլորտում կան նաև մի շարք խնդիրներ, որոնց մասին մշտապես խոսվում է: Դրանք են երիտասարդ կադրերի պակասը, գիտության ցածր ֆինանսավորումը:
Այսօր ձմեռային արևադարձի օրն է, ինչը նշանակում է, որ այսօրվանից սկսած ցերեկները երկարելու, իսկ գիշերները կարճանալու են: Սա իհարկե շատ կարևոր իրադարձություն է աստղագիտության մեջ և պատահական չէր, որ հենց այսօր էլ ներկայացվեցին աստղագիտական տարվա կարևոր իրադարձությունները: Ամփոփելով տարին՝ Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը հայտնեց, որ երկարատև ընդմիջումից հետո վերջապես այս տարի շահագործվեց մեծ դիտակը, ինչը աստղագիտական տարվա գլխավոր իրադարձությունն էր: «Աշխատեց նաև մեր մեկ մետրանոց դիտակը, որի վրա կատարվել են Բյուրականի մինչ օրս ամենահայտնի հետազոտությունները դիտողական իմաստով: Այսօր արդեն 20 տարին էր լրանում, որ այդ դիտակը չէր աշխատում»,- ասում է Հարությունյանը:
Տարին առանձնացավ նաև գիտական նոր հետազոտություններով, գործուղումներով և նոր կապերով: Կազմակերպվեց նաև ամառային դպրոց, դիտաճամբար:
Անդրադառնալով տեղական և միջազգային դրամաշնորհներին՝ Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանը նշեց, որ գիտության բնագավառում ամենամեծ ֆինանսավորումը բաժին է հասնում «Հորիզոն 2020» ծրագրերին: «Դա մի մեծ ֆինանսավորում է՝ 80 մլրդ եվրո: Նախատեսված էր 7 տարվա համար՝2014-2020 թվականը: Անցյալ տարի էլ Հայաստանը միացավ «Հորիզոն 2020»- ին որպես ասոցացված երկիր և այժմ իրավունք ունի մասնակցելու բոլոր ծրագրերին հավասարազոր կարգով ինչպես եվրոպական երկրները»։
Իհարկե՝ ձեռքբերումներից բացի ոլորտում կան նաև մի շարք խնդիրներ և դրանցից է երիտասարդ կադրերի պակասը, գիտության փոքր ֆինանսավորումը, միջազգային գիտաժողովներին պասիվ մասնակցությունը՝ ամփոփելով տարին՝ նկատեց Հայկական աստղագիտական ընկերության համանախագահը:




