Հասարակություն

Մակնշումն ու պիտանելիության ժամկետները՝ ուշադրության կենտրոնում.


Որպեսզի սպառողը կարողանա ապահովագրել իրեն անորակ սննդամթերքից, հարկավոր է  խիստ ուշադրություն դարձնել սննդամթերքի մակնշման, պիտանելիության ժամկետների վրա: Նախատոնական առևտրին են այսօր անդրադարձել տնտեսագիտական համալսարանի կոմերցիայի և բիզնեսի կազմակերպման ամբիոնի դոցենտ Վարդուհի Մելիքյանը և պարենային իրավունքի փորձագետ, սննդամթերքի անվտանգության դոկտորանտ Դավիթ Պիպոյանը: Մասնագետները խորհուրդ են տվել երեկոյան 8-9-ից հետո թթվասերով մթերքներով օրգանիզմը չծանրաբեռնել և զերծ մնալ շաքար պարունակող ըմպելիքներից, զերծ մնալ ձվի սպիտակուց պարունակող աղցաններից, իսկ թթվասերն ու մայոնեզն ավելացնել միայն մատուցելուց: Կարելի է յուղոտ կերակուրը փոխարինել բանջարեղենային աղցաններով:

 

Առողջ ազգը տալիս է առողջ սերունդ, իսկ առողջ ազգի գրավականը անվտանգ և ճիշտ սննդամթերքն է՝ անդրադառնալով սննդամթերքի անվտանգությանը և դրանցում հավելանյութերի առկայությանը՝ նշեց տնտեսագիտական համալսարանի կոմերցիայի և բիզնեսի կազմակերպման ամբիոնի դոցենտ Վարդուհի Մելիքյանը:  Բանախոսը նկատեց, որ սննդամթերքի գեղեցիկ տեսքը միշտ չէ, որ որակի մասին է վկայում:

Ի դեպ՝ մակնշմանը պետք է ուշադրություն դարձնել ցանկացած պարագայում և պարտադիր: Թեև պատահում է նաև, որ այդ ժամկետները երկարացվում են  թե արտադրողների և թե իրացնողների կողմից։ Ի դեպ՝ կան կոնկրետ դեպքեր, երբ  օրինազանցները պատասխանատվության են ենթարկվել: Այս վտանգը հիմնականում նախատոնական շրջանում է մեծանում: Սակայն ինչպես փորձն է ցույց տվել՝ ժամկետանց սննդամթերքի օգտագործման դեպքում  միայն տնտեսվարողը չէ, որ մեղավոր է: Հաճախ հենց մենք՝ սպառողներս ենք նպաստում թարմ գնված սննդամթերքի ժամկետն անցնելուն: Այս խնդիրը հիմնականում Ամանորին է հասունանում, երբ սուպերմարկետներից գնում ենք մեծ քանակությամբ սննդամթերք և չենք հետևում պահպանման կանոններին. «Ռադիոլուրի» այս դիտարկմանը պարենային իրավունքի փորձագետ, սննդամթերքի անվտանգության դոկտորանտ Դավիթ Պիպոյանը նշում է:

«Կամայական սննդամթերք ունի պիտանիության ժամկետ և անկախ նրանից այն սուպերմարկետում է, թե ձեր տանը, դրանից պիտանիության ժամկետը չի երկարում: Եթե աղցանի մեջ ավելացրել եք թթվասեր կամ մայոնեզ, նրա պիտանիության ժամկետը դառնում է 6-8 ժամ»:

Ի դեպ՝ սխալ է այն կարծիքը, թե վտանգ կարող է լինել միայն կենդանական ծագման սննդից: Պիպոյանի խոսքով՝ պահպանման պայմանները շատ կարևոր են անգամ ընդեղենի համար:

Եթե ընդեղենը շուտ ենք ձեռք բերում՝ առաջանում են սնկեր, որոնք էլ առաջացնում են միկրոտոքսիններ, ինչը վնաս է օրգանիզմին: Պետք է այն պարտադիր չոր վայրում պահել: Բավականին արդյունավետ ջերմամշակման միջոց է նաև, որ ընդեղենը ձեռք բերելուց հետո մեկ օր պահվի սառնարանում -18 աստիճանի պայմաններում:

Այսպիսով, բացի ժամկետներից շատ կարևոր են նաև պահպանման պայմանները հենց տանը, որովհետև եթե այս ամենին ավելացնենք նաև այն, որ ոչ բոլոր տնտեսավարողներն են բարեխիղճ, Ամանորը կարող է շատ թանկ նստել սպառողի օրգանիզմի և առողջության վրա: Այս ամենից զգուշանալու համար սննդագետը հիշեցնում է՝ Ամանորյա օրերին հրաշք տեղի չի ունենալու, խախտումները չեն վերանալու, հետևաբար՝ քաղաքացիները պետք է հենց իրենք պահպանեն զգոնությունը:

Կարդացեք նաև

Back to top button