Հասարակություն

Կյանք սիրողը և ապրել ցանկացողը դրոշ պետք է ունենա «Պայքար» անունով

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «Սասուն-Տարոն» հայրենակցական միության կազմակերպած Արցախյան գոյամարտի մասնակից, «Սասունցիներ» կամավորական ջոկատի համահիմնադիր, ազատամարտիկ, գնդապետ Տարոն Խաչատրյանի ծննդյան 60-ամյակին նվիրված հուշ-երեկոյին:

Միջոցառման շրջանակում ցուցադրվել է վաղամեռիկ գնդապետի կյանքն ու գործունեությունը ներկայացնող փոքրիկ տեսաֆիլմ, որում ամփոփված էր Տարոն Խաչատրյանի անսահման սերն ու նվիրումը Էրգրի ու հայրենիքի հանդեպ: Հուշ-երեկոյի շրջանակում վաղամեռիկ գնդապետի ընկերներն ու մտերիմները հուշեր են պատմել նրա մասին:

Տարոն Խաչատրյանը ծնվել  է  1956 թ.-ին Թալինի շրջանի Ներքին Սասնաշեն գյուղում՝ Սասունի քարավանցի Տոնոյի գերդաստանում:  1964-1974 թթ. սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում: 1975 թ-ին ընդունվել է Երևանի պետական համալսարանի «Կիրառական մաթեմատիկայի» ֆակուլտետ:

Ավարտելով մայր բուհը՝ Տարոն Խաչատրյանը նույն տարում՝ 1980 թ-ին, աշխատանքի է անցել թեթև արդյունաբերության նախարարությունում՝ որպես ինժեներ-ծրագրավորող: 1988-ի ազգային զարթոնքն ու սկիզբ առած Արցախյան գոյամարտը, սակայն, արյան կանչին ականջալուր լինելու ու պապերի կիսատ թողած կռիվն ավարտին հասցնելու պատեհ առիթ էր։ Տարոնը, հավատարիմ իր անվան խորհրդին, չէր կարող անմասն մնալ այդ ամենից: Դարձավ «Սասունցիներ» կամավորական ջոկատի հիմնադիրներից մեկը, քանզի լավ գիտեր, որ Արցախով է անցնում դեպի բնօրրան Էրգիր՝ դեպի Սասուն տանող ճանապարհը: Այս գիտակցումն էր, որ վճռական դեր ունեցավ նաեւ Տարոնի հետագա գործունեության մեջ՝ ստիպելով նրան ամբողջովին նվիրվել զինվորական գործին:

Որպես զինվորական Տարոն Խաչատրյանի վաստակի մասին են խոսում նաեւ տասնյակ շքանշանները, շնորհակալագիրն ու պատվոգրերը, որոնցով նա պարգեւատրվել է:

«Մեր դժբախտությունը լացն ու ողբն է, որոնց սիրահար կարծես լինենք: Կյանք սիրողը և ապրել ցանկացողը դրոշ պետք է ունենա «Պայքար» անունով»,- պատգամի պես հնչող այս խոսքերը Տարոն Խաչատրյանի օրագրի գրառումներից են: Այդ հավատամքով էլ ապրում էր նա: Ու եթե չլիներ դավադիր հիվանդությունն ու մահը, հենց այդ հավատամքով էլ, անկասկած, կշարունակեր ապրել ու գործել սասունցի գնդապետը:

Թերեւս հենց այդ պատգամը նա թողեց ապրողներիս՝ կանխազգալով մահվան դավադրությունը, որին արձագանքեց նաեւ իր գրած բանաստեղծություններով ու երգերով:

Հուշ-երեկոն ուղեկցվել է նաև ազգագրական երգերով, հնչել են նաեւ վաղամեռիկ Տարոն Խաչատրյանի իր իսկ խոսքերով գրած երգերը։  Դրանցից մեկն առաջին անգամ կատարել է նրա որդին՝ երգիչ Արտաշ Տարոնցին:

Կարդացեք նաև

Back to top button