
ՀՀ արտաքին քաղաքականությունը մշտապես ուղղված է եղել մեր երկրի անվտանգության ապահովմանը, տնտեսական զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը, միջազգային կազմակերպություններում երկրի ներգրավման ընդլայնմանն ու խորացմանը եւ համագործակցության վստահելի մթնոլորտի ձեւավորմանը` հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ԱԺ- ում կայացած «ՀՀ արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ:
Արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանն ունի այնպիսի տեսլական, որը պահանջում է այնպիսի համակարգի ձեւավորում, որը նախ կհստակեցնի արտաքին տնտեսական հարաբերությունների զարգացման գործընթացում ներգրավված բոլոր պետական մարմինների եւ կառույցների գործառույթները, մեր դեսպանների կողմից իրականացվելիք տնտեսական բնույթի աշխատանքների բովանդակությունը, կսահմանի ակնկալվող արդյունքները եւ կատարողականի գնահատման համակարգը՝ շեշտել է կառավարության ղեկավարը:
Ըստ վարչապետի՝ ՀՀ դիվանագիտական կորպուսը պետք է անհամեմատ մեծ ջանքեր գործադրի իր առօրյա աշխատանքում տնտեսական բաղադրիչի ընդլայնման համար, քանի որ դա է ՀՀ տնտեսության զարգացման հրամայականը: Այս տեսանկյունից Կարեն Կարապետյանը կարեւորել է Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից առավել նպատակային եւ արդյունավետ աշխատանքի իրականացման անհրաժեշտությունը:




