Հասարակություն

Փաստաբանն ահազանգում է Շիրխանյան առողջության մասին, ՔԿՎ- ն պնդում՝ ստացիոնար բուժման կարիք չկա

lusinevasilyan

Երեւան-Կենտրոն  քրեակատարողական հիմնարկում արդեն 11 ամիս  գտնվող Վահան Շիրխանյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, եթե համարժեք քայլեր չձեռնարկվեն, նա իր դատավարությանը ֆիզիկապես մասնակցել չի կարողանա՝   այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը: Նա իրավիճակը տագնապալի է որակել և իր ասելիքը հորդորել համարել ահազանգ: Ասուլիսում հնչած գնահատականներին արձագանքել է ԱՆ քրեակատարողական վարչությունը: Վահան Շիրխանյանը ստացիոնար բուժման կարիք չունի և շարունակում է ստանալ նշանակված դեղորայքային բուժումը՝ ասվում է ծառայության տարածած պարզաբանման մեջ, նաև նշվում, որ  այդուհանդերձ առաջիկայում նախատեսվում է իրականացնել ևս երկու հավելյալ հետազոտություն:

 

Կալանավայրում գտնվելու  11 ամիսների ընթացքում Վահան Շիրխանյանը ավելի քան 4000 դեղահաբ է ընդունել, վիրահատության է ենթարկվել, արդյունքը, սակայն, այն է,  որ   այսօր չի կարողանում ինքնուրույն շարժվել ու ըստ էության դարձել է հաշմանդամ: Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանն ասում է՝ իր պաշտպանյալի առողջական վիճակն օրեցօր վատթարանում է, չնայած փաստաթղթերով  նշվում է, որ նա  բուժման տարբեր  կուրսեր է անցնում:

Երկու շաբաթ առաջ պաշտպանական կողմը հայտարարել էր, որ Շիրխանյանը մեկուսարանում կհանդիպի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Ասուլիսը տեղի չունեցավ՝ այն պատճառաբանությամբ, որ  ըստ գործող կարգի՝ կալանավորված անձի հետ միաժամանակ տեսակցել թույլատրվում է առավելագույնը երեք անձի: Ալումյանի վերլուծությամբ՝  ասուլիսը  տեղի չունեցավ այն պատճառով, որ լրագրողները Շիրխանյանին այս վիճակում չտեսնեն: «Եթե դուք տեսնենք, թե ինչ վիճակում է նա գտնվում, ամեն ինչ պարզ կլինի: Թե դա դիտավորյալ է արվում, թե ոչ պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում՝ դժվարանում եմ ասել ու դրա ժամանակը չէ: Փաստն այն, է, որ եթե մենք հիմա դրա մասին չաղաղակենք, վաղն արդեն ուշ կլինի: Այսպես շարունակվելու դեպքում Շիրխանյանն իր դատավարությանը մասնակցել չի կարողանա»:

Վահան Շիրխանյանի առողջական վիճակի ահազանգով  պաշտպանը դիմել է արդարադատության նախարարին, քրեակատարողական վարչության պետին,  մարդու իրավունքների պաշտպանին: Պատասխան  ստացել է միայն ՄԻՊ-ից: «ՄԻՊ-ը որոշում է կայացրել, որով ճանաչել է, որ խախտվել է Վահան Շիրխանյանի  առողջության պահպանման իրավունքը, ինչպես նաեւ՝ առաջարկել նրան անհապաղ տեղափոխել մասնագիտացված հիվանդանոց եւ պահանջել, որ նման խախտումներ թույլ տված անձինք պատասխանատվության ենթարկվեն»:

Պաշտպանի խոսքով ՝ օմբուդսմենի այս որոշումից հետո որևէ գործողություն չի ձեռնարկել ոչ արդարադատության նախարարությունը, ոչ էլ քրեակատարողական հիմնարկը:

Հայկ Ալումյանի այս գնահատականներին ասուլիսից անմիջապես հետո արձագանքեց քրեակատարողական վարչությունը: Տարածված հաղորդագրության մեջ,  մասնավորապես, նշվում է. «Հարկ ենք համարում պարզաբանել, որ Քրեակատարողական վարչության` ՀՀ առողջապահության նախարարություն ուղարկված միջնորդությամբ` նոյեմբերի 18-ին «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Վահան Շիրխանյանի առողջական վիճակն ուսումնասիրելու նպատակով կազմակերպվել է բժշկական կոնսիլիում, որը եզրակացրել է, որ Վահան Շիրխանյանը ստացիոնար բուժման կարիք չունի և շարունակում է ստանալ նշանակված դեղորայքային բուժումը: Այդուհանդերձ պետպատվերի շրջանակներում նախատեսվում է իրականացնել ևս երկու հավելյալ հետազոտություններ»:

Ըստ էության ՝ քրեակատարողական վարչությունը չի հաստատում ոչ միայն պաշտպանի, այլ նաև օմբուդսմենի ահազանգը: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց, որ գրասենյակում հայտարարության մեջ նշված որոշ փաստեր ավելի հանգամանորեն ուսումնասիրելու կարիք են տեսնում:

Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, հիշեցնենք,  կասկածվում է Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր խմբի հետ գործակցելու  մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով։ 2015 թվականի նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ի կողմից վնասազերծված զինված խմբի գործն արդեն ուղարկվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

Հայկ Ալումյանն այսօր  ձեռնպահ մնաց գործի նյութերին անդրադառնալուց՝ նշելով, որ պաշտպանական կողմ իր փաստարկները կներկայացնի դատարանում և շեշտելով, որ առաջնայինն այս փուլում առողջական հարցերն են: Ի դեպ, հենց այս մասով արդեն գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ: Ամենայն հավանականությամբ՝ դատարանը գործը կքննարկի արագացված ընթացակարգով:

Կարդացեք նաև

Back to top button