
Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ
Չի բացառվում, որ Արցախի Վերածննդի օրը՝ փետրվարի 20-ը, նշանավորվի նոր սահմանադրական հանրաքվեով՝ այսօր հայտարարել է Արցախի խորհրդարանի նախագահ, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը։ Արցախի նոր Սահմանադրության նախագիծը հրապարակվել է, իսկ այսօր սկսվել են հանրային քննարկումները:
Արցախի նոր Սահմանադրության նախագծով առաջարկվում է կիսանախագահական կառավարումից անցնել կենտրոնացված նախագահական կառավարման: Նախագահը կղեկավարի գործադիր իշխանությունը՝ պետական նախարարի եւ ոլորտային նախարարների միջոցով: Հակակշռող թեւը խորհրդարանն է լինելու, որը 2020 թվականի ընտրություններից հետո կլինի 100 տոկոս համամասնական:
Նախագահն ու խորհրդարանը կձեւավորվեն մեկ ընդհանուր համապետական ընտրություններով՝ նույն օրը: Նախագահը կարող է ցրել խորհրդարանը, խորհրդարանն էլ կարող է անվստահություն հայտնել նախագահին՝ մի պայմանով՝ եթե նախագահն է ցրում խորհրդարանը, ապա պետք է հրաժարական տա նաեւ ինքը, եթե Ազգային ժողովն է անվստահություն հայտնում նախագահին, ապա պետք է նաեւ իր արձակման մասին որոշում ընդունի:
Վերջին ամիսների ինտրիգը գործող նախագահի՝ Բակո Սահակյանի պաշտոնավարման ժամկետի երկարաձգման հնարավորությանն էր վերաբերում, քանի որ նոր Սահմանադրությունը ուժի մեջ կմտնի 2020 թվականից, երբ կլրանա ներկա խորհրդարանի լիազորությունների ժամկետը: Այդ ժամանակ էլ համապետական ընտրություններով կընտրվեն նախագահն ու հարյուր տոկոսանոց համամասնական Ազգային ժողովը: Գործող նախագահի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2017-ին:
Ըստ նախագծի՝ անցումային ժամանակաշրջանում հարցը լուծվելու է այսպես. նոր նախագահին 2017 թվականին ընտրելու է խորհրդարանը՝ խմբակցությունները իրենց թեկնածուներին են առաջադրելու եւ «մրցակցային պայքար է լինելու»՝ համոզված է մասնագիտական հանձնաժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:
Կփոփոխվի՞ արդյոք երկրի անունը: Գործող Մայր օրենքով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եւ Արցախի Հանրապետություն անունները նույնական են, նախագծով այդ նույնականությունը պահպանվելու է՝ նախապատվությունն է փոխվելու:
Արցախի Հանրապետության տարածքի հստակություն նոր Սահմանադրության նախագծով չի նախատեսվում: Այն համարյա թե կրկնում է գործող օրենքով սահմանվածը. նախագծի վերջին՝ 173-րդ հոդվածը սահմանում է, որ Արցախի Հանրապետության հանրային իշխանությունն իրականացվում է այն ողջ տարածքում, որը փաստացի գտնվում է Արցախի Հանրապետության իրավազորության ներքո: Ըստ գործող Սահմանադրության՝ դա այդպես է լինելու մինչեւ Լեռնային Ղարաբաղի սահմանների ճշգրտումը:




