

Խորհրդարանն այսօր սկսել է հերթական քառօրյայի աշխատանքը: Օրակարգի հաստատման ժամանակ կրքերը թեժացել են Զարուհուի Փոստանջյանի հեղինակած նախագծի շուրջ: Պատգամավորն առաջարկում է ժամանակվոր հանձնաժողով ստեղծել, որը կուսումնասիրի խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների քրեական գործերի քննության արդյունավետությունն ու թափանցիկությունը, ինչպես նաև քննության ողջամիտ ժամկետները պահպանելու հարցը:
Քվեարկությունից առաջ Փոստանջյանը խորհրդարանական մեծամասնությանը հորդորել է պաշտպանել իր նախաձեռնությունը, նրան էլ պաշտպանել են ոչ իշխանական խմբակցություններից ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն:
Նաիրա Զոհրաբյանը նկատել է, որ որոշման նախագիծը քաղաքական ենթատեքստ չունի: «Չեմ կարծում, որ մեծամասնության ինքնասիրությունը կվնասվի, եթե կողմ քվեարկի այս նախագծին»:
ԱԺ նախագահը կարծում է, որ խորհրդարանն այս հարցում անելիք չունի: Գործընթացն իրավական է ու քաղաքական մարմինն այստեղ խնդիր չունի լուծելու՝ ասել է Գալուստ Սահակյանը:
ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն էլ հայտարարել է, որ խորհրդարանական մեծամասնությունը խնդրի կարևորությունը գիտակցում է, բայց չի ցանկանում խանգարել գործընթացին, այդ պատճառով չի մասնակցի քվեարկությանը:
Նախագծին կողմ է քվեարկել 28 պատգամավոր ու այն օրակարգ չի ընդգրկվել:




