

Առաջիկա ՏԻՄ ընտրությունները այն փորձաքարն է, երբ առաջին անգամ գործնականում փորձարկվելու է ոչ միայն նոր Սահմանադրությունն ու նոր ԸՕ-ը, այլեւ հին ու նոր կուսակցությունները փորձելու են հասկանալ իրենց իրական «շանս» 2017-ի համապետական՝ խորհրդարանական ընտրությունից առաջ: Այս պահի դրությամբ, սակայն, որեւէ իրարանցում, աժիոտաժ քաղաքական դաշտում չկա, նույնիսկ թեժ պայքարի կանխատեսումներ դեռ չեն հնչում:
Երեւանից հետո հաջորդ խոշոր քաղաքներում՝ Գյումրիում եւ Վանաձորում աշնանը կայանալիք ՏԻՄ ընտրություններին իշխող Հանրապետական կուսակցությունն իր առանձին ցուցակով չի մասնակցելու: Բայց դա չի նշանակում, որ հանրապետականները «հրաժարվում» են այդ քաղաքներից: Քաղաքական ուժը պարզապես որոշել է, օրինակ՝ Գյումրիի դեպքում սատարել գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանին: Մի շարք կուսակցություններ փոխած գործչին զբաղեցրած պաշտոնում վերընտրվելու համար հանրապետականների անունից օգնելու են Խոսրով Հարությունյանի, Արտաշես Գեղամյանի եւ Հայկ Բաբուխանյանի ղեկավարած կուսակցությունները: Նրանք ձեւավորելու են դաշինք։
Այս գործում կոալիցիոն գործընկերոջը չի սատարում Դաշնակցությունը: Եթե Հանրապետականը երկու օր առաջ է հայտարարել իր որոշման մասին, ապա դաշնակցականները վաղուց էին որոշել՝ ՏԻՄ այս ընտրություններին գնալու են առանձին: Այս քաղաքական ուժի համամասնական ցուցակը Գյումրիում կգլխավորի Ավստրիական մանկական հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանը։ ԱԺ ճեպազրույցներից մեկի ժամանակ դեռ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը խորհուրդ էր տվել դաշնակցության վարկանիշի մասին չանհանգստանալ: Սա ի պատասխան հարցին, թե արդյո՞ք Հանրապետականի հետ համաձայնագրի ստորագրումից հետո Դաշնակցության վարկանիշն ընկել է:
Ամեն դեպքում, կարծիք կա, որ առաջիկա ՏԻՄ ընտրությունները նոր եւ արդեն մոռացված քաղաքական ուժերի համար յուրօրինակ մեկնարկ են՝ 2017-ի խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու եւ հասարակությանն իրենց մասին հիշեցնելու համար: Այս պահին հայտնի է, որ այս ընտրություններին մասնակցելու մտադրություն ունեն նաեւ «Բարգավաճ Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր», «Հայկական վերածնունդ», «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները:
Իշխանություններին որոշակի ընդդիմադիր հակակշիռ փորձում է ստեղծել նաեւ «Ժառանգություն» կուսակցությունը: Այս պահին դեռ վերջնական որոշված չէ, բայց բանակցություններ են ընթանում նորաստեղծ ԳԱԼԱ կուսակցության ու Գյումրիի «Ասպարեզ» ակումբի հետ համատեղ դաշինք ձեւավորելու ուղղությամբ: «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց, որ վերջնական որոշմանը մի քիչ էլ պետք է սպասել: Խնդիրը՝ ցուցակների կազմելը չէ, դեռ դրան չեն հասել, առայժմ ճշտվում են մոտեցումները:
Հանրապետականի, այսպես ասած, պասիվ մասնակցությունն ընտրական գործընթացին ընդդիմադիր գործիչը մեկնաբանում է յուրովի: Կարծում է՝ դա վկայում է իշխանական կուսակցության կադրային խնդիրների մասին: Վերջում հիշեցնենք, որ աշնանը կայանալիք ՏԻՄ ընտրություններին գնում ենք երկու նորությունով՝ առաջինը միավորված եւ խոշորացված համայնքներն են, իսկ երկրորդը՝ նոր ԸՕ-ի փորձարկումն ու, Վանաձորի եւ Գյումրիի դեպքում, քաղաքային իշխանությունների նորովի ձեւավորումը: Վանաձորցիներն ու գյումրեցիներն այս անգամ ուղիղ չեն ընտրելու քաղաքապետ՝ համամասնական ցուցակներով ընտրվելու է ավագանի, որը հետո իր կազմից արդեն կընտրի ղեկավարին:




