
Հալեպի հայաշատ Վիլլաներ թաղամասում՝ Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցու հանդիպակաց բնակարանի վրա զինյալ ահաբեկչական խմբավորումները հրթիռ են արձակել, որի պայթյունի հետևանքով բնակարանը քանդվել է, տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի կայքը:
Սուրբ Աստվածածին եկեղեցու կառույցը չի վնասվել, միայն կոտրվել են ապակիները:
Եկեղեցուն կից գտնվող Կրթասիրաց վարժարանը ոչ մի վնաս չի կրել:
Ի դեպ, Սուրբ Աստվածածին եկեղեցին Հալեպում որևէ վնաս չկրած միակ եկեղեցին է: Տարիներ առաջ ահաբեկիչները հրկիզել էին Հալեպի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին, պարբերաբար հրթիռներ են պայթում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտակայքում, հրթիռներից վնասվել է նաև հայ կաթողիկե համայքին պատկանող Սուրբ Երրորդություն՝ Զվարթնոց եկեղեցին և կից վարժարանն ու այլ եկեղեցիներ:
Վերջին օրերին Հալեպում իրադրությունը չափազանց լարվել է: Պարբերաբար հաղորդվում են հրթիռակոծությունների մասին, որոնց հետևանքով տարբեր թաղամասերում մարդկային և նյութական զգալի վնասներ են գրանցվել:




