Երեկ կեսօրին Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Բաղրամյան- Խաչատրյան- Շահումյան փողոցներում գտնվող տները հորդառատ անձրևների հետևանքով ջրալցվել էին: «Ռադիոլուրի» հետ զրույցում Ապարանի քաղաքապետ Գոռ Աբրահամյանը նշեց, որ երեկվա ջրհեղեղից վնասվել է ավելի քան 20 տուն, ջրալցվել է նաև քաղաքում գտնվող չորս բազմաբնակարան շենքերի վերջին հարկերը. տանիքներից ջուրը լցվել է բնակարանները։ Այսօր արդեն մաքրման աշխատանքներ են կատարվում ու հաշվարկվում են վնասի չափերը:
Հիշեցնենք, որ վերջերս նման դեպք գրանցվեց նաև Արթիկ քաղաքում, բայց ի տարբերություն Ապարանի, Արթիկի բնակիչների վնասները ավելի շատ էին: Արդյո՞ք այս վերջին ջրհեղեղները խոսում են Հայաստանում եղանակային անոմալ երեւույթների մասին։ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը նշում է, որ ամեն ինչ նորմայի սահմաններում է: