Քաղաքական

Միջազգային մամուլը շեշտադրում է Հռոմի պապի «ցեղասպանություն» բառի չնախատեսված օգտագործումը

Հռոմի պապի հայաստանյան այցին լայնորեն անդրադառնում են աշխարհի լրատվամիջոցները, շեշտադրումը՝ կաթոլիկ եկեղեցու հովվապետի կողմից ցեղասպանություն եզրի օգտագործումն է:Այն փաստը, որը պապը շեղվել է նախապես գրված ելույթի տեքստից՝ շեշտադրել են այցին անդրադարձած բոլոր լրատվամիջոցները։

Ֆրանցիսկոս պապը Հայաստանում խոսել է Օսմանյան թուրքերի կողմից իրականացված հայոց կոտորածի մասին` այն անվանելով «գաղափարապես ձևավորված և ծրագրված ցեղասպանություն»՝ գրում է The New York Times-ը` նշելով, որ իր  եռօրյա այցի համար պատրաստված չափազանց զգուշավոր ելույթի տեքստին Ֆրանցիսկոսն ավելացրել է «ցեղասպանություն» քաղաքական եզրույթը: Ֆրանցիսկոս պապը պարզապես կատարվածը ցեղասպանություն անվանեց` հող պատրաստելով Թուրքիայի նոր ջղաձգման համար՝ գրում է պարբերականը:

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն Օսմանյան կայսրության տարածքում հայերի նկատմամբ տեղի ունեցածը կոչել է կանխամտածված ցեղասպանություն։ Եռօրյա այցի ընթացքում իր ելույթում Ֆրանցիսկոս պապն ընդգծեց «ցեղասպանություն» բառը, որը նախապես պատրաստված տեքստից դուրս էր մնացել՝ Հայոց ցեղասպանությունը դասելով Հոլոքոստի ու Ստալինիզմի կողքին՝ անդրադառնալով Հռոմի պապի հայաստանյան այցին՝ այսօր գրում է The Independent-ը: Ըստ պարբերականի՝  Ֆրանցիսկոս պապը հող նախապատրաստեց թուրքական նոր բողոքի համար, ինչպես անցյալ տարի, երբ թուրքական իշխանությունները հետ կանչեցին իրենց դեսպանին ու Ֆրանցիսկոսին մեղադրեցին ստեր տարածելու մեջ: «Բայց Ֆրանցիսկոսն այն անձը չէ, որը կամաչի ասել այն, ինչ մտածում է։ Նա ավելացրեց բառը վերջին պահին՝ նախագահական նստավայրում Սերժ Սարգսյանի, հայ քաղաքական ու կրոնական առաջնորդների և դիվանագիտական կորպուսի ներկայությամբ»,- ընդգծում է պարբերականը:

Ֆրանցիսկոս պապը Երևան ժամանելով դատապարտել է 1915 թվականին Օսմանյան կայսրության տարածքում հայերի «գաղափարապես ձևավորված և ծրագրված ցեղասպանությունը»՝ գրում է The Guardian-ը: Հայերը պատիվ են ունեցել դիմավորելու Հռոմի պապին, ով երկար ժամանակ աջակցել է Հայկական հարցին դեռևս Արգենտինայում արքեպիսկոպոս լինելու տարիներին և այժմ՝ որպես կաթոլիկ եկեղեցու առաջնորդ:

NBC News-ը գրում է, որ Ֆրանցիսկոս պապը շաբաթ օրը հարգանքի տուրք է մատուցել 1915 թվականի ցեղասպանության զոհերի հիշատակին։ Նկատելիորեն հուզված՝ Ֆրանցիսկոսը մասնակցել է Բարեխոսական կարգի աղոթքի արարողությանը Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և Հայ առաքելական եկեղեցու առաջնորդների հետ միասին՝ գրում է լրատվամիջոցը:

The Wall Street Journal-ը հիշեցնում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանն անցած տարի դատապարտել էր Պապի հայտարարությունը և նախազգուշացրել էր նրան «չկրկնել այդ սխալը»:

Ինչպեսև սպասվում էր Հռոմի պապի խոսքերին անդրադարձել են նաև թուրքական լրատվամիջոցները։

«Հռոմի պապը Հայաստան այցի ընթացքում նախագահական նստավայրում ունեցած իր ելույթում հայերի նկատմամբ 1915-ին տեղի ունեցածը բնութագրել է որպես «ցեղասպանություն»,- գրում է թուրքական Demokrat Haber կայքը՝ նյութի վերնագրում մեջբերելով Ֆրանցիսկոս պապի խոսքերը՝ «Ցեղասպանությունն անցյալ դարի աղետների սկիզբը դարձավ»:

CNN Turk-ն անդրադառնալով թեմային հիշեցնում է, որ բոլորին հետաքրքրում էր, թե արդյոք ևս մեկ անգամ Ֆրանցիսկոս պապը կօգտագործի՞ «ցեղասպանություն» եզրույթը: «Այս ցեղասպանությունն անցած հարյուրամյակի ողբերգությունների սկիզբն էր»,- Ֆրանցիսկոս պապի խոսքերն է մեջբերում լրատվամիջոցը՝ արձանագրելով, որ հովվապետը չխուսափեց ևս մեկ անգամ կրկնել անցյալ տարվա իր խոսքերը:

Sabah թերթը ևս ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Պապի ելույթի գրավոր տարբերակում «ցեղասպանություն» բառը չի եղել: Պարբերականը Հռոմի պապի խոսքերը «սկանդալային» է որակել ու հիշեցրել, որ անցյալ տարի Հռոմի պապի ելույթի պատճառով Վատիկանում Թուրքիայի դեսպանը հետ էր կանչվել և պաշտոնին վերադարձել էր միայն այս տարվա փետրվարին:

Կարդացեք նաև

Back to top button