

Հասարակական գործիչ Ազատ Արշակյանը օրակարգային հարց չի համարում ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի վերադարձը: Ասում է,որ այսօր մենք ունենք կիրթ, պրոֆեսիոնալ շատ զինվորականներ: իսկ ՀՀԿ –ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը ասում է, որ պարտավոր ենք մեր բոլոր ժամանակների հերոսներին ճանաչել ու ըստ արժանվույն գնահատել:
Ռուս-թուրքական հարաբերությունները չեն կարող ավելի լավը լինել, քան հիմա են, իսկ թեթևակի լարումներն ու բախումները պարզապես անցողիկ բնույթ են կրում՝ համոզված է Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը: Իսկ ահա հայ- ադրբեջանական հարաբերությունները լավ չեն կարող լինել՝ ասաց նա՝ հիշեցնելով Ադրբեջանի սպառազինվելու մասին հայտարարությունները։ «Նրանք ուզում են, որ Երևանն ունենա նույն կարգավիճակը, ինչ Վանն ու Կարսը: Թուրքական էթնոսի համար ցանկալի է, որ ՀՀ բոլոր քաղաքներն ունենան նույն կարգավիճակը, ինչ Թուրքահայաստանի բոլոր քաղաքները»,- շեշտում է Արշակյանը՝ շարունակեքով միտքը՝ մենք պետք է պատրաստ լինենք պատերազմի ու չպետք է նայենք, թե ինչ կասեն Ռուսաստանը կամ Տաջիկստանը:
Նախկին պատգամավորը շեշտում է՝ պետք է անհապաղ հետ վերցնել ապրիլյան թեժացումների օրերին կորցրած 800 հա տարածքը։ «Պետք է քրեական գործեր հարուցվեն՝ պարզելու անգործություն ցուցաբերողներին: Մենք բոլորս պետք է պահանջենք իշխանություններից, որ մեղավորները պատժվեն: Իշխանությունը պարտավոր էր նախևառաջ ապահովել անհրաժեշտ քանակությամբ զենք-զինամթերք, բանակային հանդերձանք, նոր միայն մնացած միջոցները տրամադրել մյուս ոլորտներին:Մշակույթի կամ Սփյուռքի նախարարություններ պահելու փող չունեիք՝ չպահեիք: Որոշ մարդիկ էլ թող ոտքով քայլեին, սպասարկող մեքենաներ ու կապուտաչյա քարտուղարուհիներ չունենային»,- հավելում է նա։
Ազատ Արշակյանի հետ բանավիճող ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը որոշ առումով համամիտ է Արշակյանի հետ՝ մասնավորապես՝ ապրիլյան ռազմական գործողությունների ընթացքում ովքեր թերացել են ու բացթողումներ թույլ տվել՝ պետք է պատժվեն:
Բանախոսներն անդրադարձան նաև մամուլում այս օրերին քննարկվող գեներալների թեմային ու այդ համատեքսոտւմ էլ խոսեցին ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի՝ Հայաստան վերադառնալու փաստին: Մկրտիչ Մինասյանը շեշտում է, որ Սամվել Բաբայանի վաստակը պետք է ըստ արժանվույն գնահատել, քանի որ նա իր գործով ու նվիրումով ժամանակին շատ բան է ապացուցել:
Ազատ Արշակյանն էլ նկատում է որ դա օրակարգային հարց չէ: «Մենք շատ լավ հրամանատարներ ունենք և հետ գնալ Վարդան Մամիկոնյանների ժամանակներ՝ չարժե: Նա հայրենասեր մարդ է, բայց ընդամենը՝ վետերան»:




