

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր մասնակցել է Արմավիրի մարզի սահմանամերձ Գետաշեն գյուղի վերջին զանգի միջոցառմանը: Պատասխանելով լրագրողների հարցերին նախարարն անդրադարձել է դպրոցներում վերջին զանգի կապակցությամբ կազմակերպված դրամահավաքությանը:
Ագրոդպրոցը հնարավորություն է տալիս աշակերտներին կողմորոշվել մասնագիտության ընտրության հարցում: 21 շրջանավարտից յոթն արդեն ագրարային համալսարանի դիմորդ է, նոր ուստարվա ուսանող, քանի որ Համալսրանի 30 մասնագիտություններից 21-ում ընդունելությունը կազմակերպվում է ատեստատի գնահատականի հիման վրա:
Դպրոցի վերջին զանգը շրջանավարտների համար նոր կյանքի մտնելու առաջին զանգն է: Նրանք և հուզված էին, և ուրախ, զգացումները խառնվել էին:
Այսօրվա շրջանավարտը ապագայի զինվորն է, բժիշկն ու գիտնականը: Դպրոցական միջոցառումներն այսօր սկսվում են ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքով զոհված զինվորների հիշատակը հարգելով:
Ներկա լինելով Գետաշեն գյուղի միջնակարգ դպրոցի վերջին զանգի միջոցառմանը կրթության նախարար Լևոն Մկրտչյանը զուգահեռներ անցկացրեց իր դպրոցական վերջին զանգի հետ, միաժամանակ գնահատելով նոր սերնդի առավելությունները. «Ավարտել եմ Չարենցի դպրոցը և նշել ենք մոտավբորապես այս ձևաչափով՝ հանդիսություն, հետո ամբողջ օրը պտտվել ենք քաղաքում: Ես շնորհավորում եմ հանրապետության բոլոր շրջանավարտներին: Այս սերունդը անկախության սերունդ է և իրենք պետք է ունենան երկու կարևոր զգացողություն՝ ազատություն և պատասխանատվություն երկրի ապագայի, երկրի հեռանկարի համար »:
Կրթության և գիտության նախարարն անդրադարձել է նաև վերջին օրերին թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի բարձրացրած դրամահավաքության խնդիրներին՝ փաստելով նախարարության թեժ գծի վերջին շաբաթվա զանգերը, որով աշակերտներն ու ծնողները դրամահավաքությունը չեն կապում դպրոցի տնօրինության հետ, այլ դա իրենց ցանկությունն է:
Նախարարը մատնանշելով Գետաշենի դպրոցն ասաց՝ պետք է հասնենք նրան, որ դպրոցներում վերջին զանգը նշվի հենց այսպես, ինչպես այս դպրոցում՝ համեստ:




