

Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքի արցախյան առաջին պատերազմում զոհված ազատամարտիկների փոքրիկ պանթեոնի կողքին կառուցվելու է բազիլիկ եկեղեցի: Երեկ կատարվել է հիմնարկեքի արարողություն: Չունենալով բարերար` համայնքի բնակիչները անձնական ներդրումների և բարի կամքի շնորհիվ իրականացնելու են եկեղեցու կառուցումը: Մինչև հիմնարկեքը ծաղիկներ են դրվել զոհվածների շիրմաքարերին ու խաչքարին:
Ակնալճի բնակիչները չունենալով հավատքի տուն կրոնական ծեսերն իրականացրել են սուրբ Էջմիածնում, այնտեղ էլ մասնակցել եկեղեցական տոներին ու պատարագներին: Համայնքի հավատավոր ժողովրդի պնդմամբ գյուղում եկեղեցի կառուցելու անհրաժեշտությունը վաղուց էր զգացվում:
Նոր կառուցվող եկեղեցուց որոշ հեռավորության վրա է գտնվում Հայաստանի եզդիների միակ սրբավայր հուշահամալիրը, որի հարևանությամբ կառուցվում է նրանց Մալաքե Տաուզ եկեղեցին:
Հայ Առաքելական եկեղեցու հիմնարկեքը կատարվեց Արմավիրի թեմի առաջնորդ տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի ձեռամբ: Ինչպես ընդունված է մեր եկեղեցում 16 վեմ քարերը մաքրվեցին ջրով և գինով, օծվեցին սուրբ մյուռոնով և դրվեցին հիմնասյուների մեջ: Ջուրը խորհրդանշում է Քրիստոսի մկրտությունը, գինին՝ մեր հավատքի համար սուրբ խաչի վրա թափված արյունը, մյուռոնը, որը թափվում է աղավնու կտուցից՝ սուրբ հոգին: 16 վեմ քարերը խորհրդանշում են Քրիստոսի 12 առաքյալներն ու 4 ավետարանիչները:
Եկեղեցու 16 քավորների թվում էր նաև 5-ամյա Էրիկը: Վեմ քարը ձեռքին մոտեցավ սրբազանին, օծումից հետո նա իր ձեռքով դրեց սյան հիմքում ու շաղախ լցրեց վրան:
Եկեղեցին ուժեղացնում է մարդու հավտքն ու զորություն տալիս նրան: Ակնալճի գյուղապետ Գևորգ Միսակյանն ասում է, որ այս ծանր իրավիճակում հավատքն է մարդուն օգնում հաղթահարելու բոլոր դժվարությունները, կարևորը ցանկությունն է, և նոր կառուցվող բազիլիկ եկեղեցին կառուցվելու է միայն իրենց ժողովրդի բարի կամքով՝ նույնիսկ թոշակառուն իր կենսաթոշակից 500 դրամ է ներդրել: Ժողովուրդը կամավոր է մասնակցում եկեղեցաշինությանը, որը նախատեսել են ավարտել երկու տարվա ընթացքում:




