Քաղաքական

«Օղակ» չարաբաստիկ գործողությունից 25 տարի անց

alisagevorgyan
25 տարի առաջ այս օրը՝ ապրիլի 29-ի լույս 30-ի գիշերը տեղի ունեցավ «Օղակ» չարաբաստիկ գործողությունը, որի ընթացքում հայաթափվեցին Արցախի հայաբնակ գյուղերը: Հայ բանակչությունը ենթարկվեց այնպիսի վայրագությունների, որոնց ականատեսը եղանք նաև վերջերս, այդ իրադարձություններից 25 տարի անց: Նույն ձեռագիրը կրող երկու իրադարձությունների միջև այսօր զուգահեռներ են անցկացրել «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը և «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը:

 

 

«Օղակ» գործողությունը Ադրբեջանի իշխանությունների և խորհրդային ղեկավարության կողմից Արցախի և Հայաստանի խաղաղ բնակչության դեմ պետական մակարդակով իրականացված ահաբեկչություն էր։ Այս գործողությունն իրականացվել է մի քանի փուլերով, որի ընթացքում Արցախի 27 հայկական գյուղերի բնակչությունը տեղահանվել է, այդ բնակավայրերի մի մասը մինչ օրս բռնազավթված է Ադրբեջանի կողմից:

25 տարի առաջ այս օրը՝ ապրիլի 29-ի լույս 30-ի գիշերը «Օղակ» լայնածավալ գործողության ընթացքում շրջափակման մեջ  հայտնվեցին  Մարտունաշեն, Գետաշեն գյուղերը: «Հայ բանակչությունը ենթարկվեց այնպիսի վայրագությունների, որոնց ականատեսը եղանք նաև վերջերս, այս իրադարձություններից 25 տարի անց»,-2.5 տասնամյակով բաժանված երկու իրադարձությունների միջև «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը զարմանալի նմանություններ է հայտաբերել:

«Օղակ» գործողությունը ժամանակին բարեբախտաբար լավ լուսաբանվել է: Այդ իրադարձություններին անդրադարձել են միջազգային փորձագետներ և  իրավապաշտպաններ՝ այդ թվում Ելենա Բոները, Քերոլայն Քոքսը, Ֆելիս Գայերը և ուրիշներ:

«Պատրաստվել են չորս ծավալուն զեկույցներ, որտեղ ներկայացվել են կարևոր վկայություններ: Միջազգային կառույցների, այդ թվում ՄԱԿ-ի ուշադրությունն են հրավիրել այդ տարածաշրջանի վրա, որտեղ սարսափելի բռնություններ են տեղի ունեցել: Անգամ կոչ է արվել ճնշում գործադրել Գորբաչովի վրա այդ ամենը կանգնեցնելու համար»,-ասում է Մարինա Գրիգորյանը, ում խոսքով, եթե խորհրդային պետության մեջ հնարավոր եղավ այդպիսի մեծ աղմուկ բարձրացնել ու գրավել միջազգային հանրության ուշադրությունը, ապա այսօր Հայաստանն առավել քան պարտավորված է և հնարավորություն ունի ապրիլյան վերջին վայրագությունները ներկայացնել հավուր պատշաճի:

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանի համոզմամբ՝ այս ոլորտում մեծ ակտիվություն է պահանջվում մասնավորապես գործադիր իշխանությունից:

Լարիսա Ալավերդյանը պարզունակ է համարում այն ձևակերպումը, թե չենք վերադարձնի ազատագրված տարածքները, որովհետև դրանց համար արյուն ենք թափել: Ըստ նրա՝ տարածքները չվերադարձնելու համար մենք ունենք իրավական ու քաղաքական  ծանրակշիռ հիմքեր, որոնցով էլ պարտավոր ենք առաջնորդվել:

Կարդացեք նաև

Back to top button