Քաղաքական

Օսկանյանը խոսում է անցած ընտրակեղծիքներից, Շարմազանովը՝ Օսկանյանի անցյալից

lusinevasilyan

ԱԺ դահլիճում նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի բանավեճը շարունակվել է նաեւ խորհրդարանի միջանցքներում։ Օսկանյանը հայտարարել էր, որ վերջին 20 տարիներին Հայաստանում ընտրությունները կեղծվել են: «Կեղծվել են ընտրակաշառք բաժանելով, կարուսելներ կազմակերպելով, կրկնակի քվեարկություններով, բացակա անձանց փոխարեն այլ անձանց քվեարկելու միջոցով, լցոնումներով»։ Օսկանյանը փորձել է բացատրել վերջին  20 տարիներին կեղծված ընտրություններ ունենալու  և այդ 20 տարիներից ուղիղ   10-ում իշխանության մաս լինելու  պարադոքսը: ԱԺ փոխնախագահն էլ փորձել է  հիշել, թե իշխանության տարիներին ընտրությունների ընթացքը  դատապարտող ինչ հայտարարություններ է արել նախկին արտգործնախարարը:

 

«Համախմբում» կուսակցության նախաձեռնող խմբի 14 անդամները, որոնց թվում  են նաև ԲՀԿ խմբակցության 3 պատգամավորներ  Էլինար Վարդանյանը, Ստեփան Մարգարյանը և Վահե Հովհաննիսյանը,  բնականաբար կանդամակցեն  կուսակցությանը։ Թե ով կգլխավորի քաղաքական նոր ուժը, կորոշի  առաջիկայում գումարվելիք հիմնադիր համագումարը:

Նախկին արտգործնախարարն այսօր պաշտոնապես հայտարարեց իր կողմից ստեղծվելիք նոր ՝ «Համախմբում» կուսակցության մասին:  Այսպես այլեւս շարունակել հնարավոր չէ՝  հիմնավորելով  ևս մեկ կուսակցության ստեղծման  անհրաժեշտությունը՝ ասում է Օսկանյանը  և համախմբման կոչ անում հանրությանն ու քաղաքական ուժերին:

Իսկ ինչու պետք է համախմբվեն հենց «Համախմբման» շուրջ: «Ես չեմ ասում  միայն մեր շուրջ, ասում եմ համախմբում  քաղաքական այն ուժերի շուրջ, որոնց ծրագիրը ժողովուրդը կհավանի, իսկ նման հավակնություն մենք ունենք, որովհետեւ գիտենք, որ ներկայանալու ենք այնպիսի ծրագրով, որ ժողովուրդը տեսնելու է, որ այստեղ իսկապես խնդիրներ են լուծվելու, եւ փորձելու ենք գնալ այն համախմբմանը, որ արդյունքների հասնենք»:

Նախկին արտգործնախարարը կարծում է, որ խորհրդարանական առաջիկա ընտրությունները Հայաստանի համար ճակատագրական են լիենլու, ասում է, որ այդ ընտրություններին իշխանություն ձևավորելու հայտ են ներկայացնելու: Իսկ մինչ այժմ կայացած ընտրությունների մասին Օսկանյանը ուշագրավ հայտարարություն էր արել նիստերի դահլիճում ՝ ասելով, թե  ընտրությունները վերջին  քսան տարիներին  կեղծվել են: Հիշելով հանգամանքը, որ 20 տարիներից առնվազ 15-ում ինքը իշխանության մաս է կազմել, Օսկանյանը ստիպված եղավ ավելի մանրամասն բացատրել , թե ինչ նկատի ուներ իր հայտարարությմաբ:   «Ժողովուրդ, ճիշտ հասկացեք, եթե անգամ տասը ձայն կեղծվել է, ապա ընտրությունները տասը ձայնով շեղվել են իրենց ընթացքից: Եթե կա խախտում, նշանակում է արդյունքը չի արտահայտել ժողովրդի կամքը, ուրեմն կեղծվել է»:

Օսկանյանն ասում է, որ  ժամանակին ընտրությունների մասին հայտարարություններ արել է, եթե լավ պրպտենք, կգտնենք։ Էդուարդ Շարմազանովը նման որևէ հայտարարություն չի հիշում: «Ես անկեղծ ասած չեմ հիշում, որ Օսկանյանը արգործնախարար եղած ժամանկ որևէ հայտարարություն արած լինի: Հենց դրա համար ել նայելով աչքերին ասեցի, որ չեմ հիշում, նաև ենթադրեցի, որ եթե ընտրությունները կեղծված են եղել, ապա ինքն էլ կեղծ արտգործնախարար է եղել»:

Ինչ վերաբերում է նոր ուժ ստեղծելու  նախաձեռնությանը և հայտարարությանը, որ նոր ուժը հերթականներից մեկը չի լինելու, ապա Շարմազանովը նշում է, «Վերջերս տարբեր ուժեր են ստեղծվել: Դուք հիշո՞ւմ եք, որ նրանցից որևէ մեկն ասած լինի, որ հեթական է, որ լուրջ  նպատակներով չի գալիս, որ այլընտրանք չի լինելու: Ժողովուրդն է որոշելու, թե ով է լինելու իշխանությունների այլընտրանքը»:

Ի դեպ,  «Համախմբում» կուսակցությունը բացելու համար ֆինանսական միջոցներ գտնելու հարցում  Օսկանյանն ասաց ապավինելու է  ժողովրդին: Յուրաքանչյուրը 1000 դրամ կտա, թե 10 հազար, կօգնի կուսակցությանը` ասում է:

Կարդացեք նաև

Back to top button