

Եպրաքսյա Բարսեղյան-Գևորգյանը ցեղասպանության ականատեսն է: Իր տեսածն ու ապրածը վերարատադրելիս ամեն անգամ հուզվում է: Հայրն ու հորեղբայրները նահատակվել են, մորը կորցրել է գաղթի ճանապարհին: 5 տարի ապրել է Ալեքսանդրապոլի ամերիկյան որբանոցում: Ունեցել է 9 երեխա : Այժմ ապրում է 86-ամյա ավագ աղջկա հետ, ով հոգում է նրա կարիքները: Ունի 60 թոռ և ծոռ:
Ամեն անգամ Եպրաքսյա տատիկին այցելելիս միշտ զարմանում եմ նրա վառ հիշողությամբ, դեպքերն ու իրադարձությունները պատմում է այնպես, կարծես երեկ է եղել: Այս անգամ տատիկի մտահոգություններին ավելացել էր ևս մեկը՝ Արցախը նորից վտանգի մեջ է:
Եպրաքսյա տատիկն անձնագրով 102 տարեկան է, իրական տարիքն ավելին է: Պատմում է, որ գաղթի ժամանակ 7-8 տարեկան է եղել: Ծնվել է Ղարսից մոտ 80 կմ հեռու, Կաղզվանի գավառի Լալոյի-Մավրակ գյուղում: 1913 թվականի տվյալներով Լալոյի-Մավրակում ապրել է 67 ընտանիք՝ 537 բնակչով: Եպրաքսյա տատիկը հիշում է ծննդավայրն ու դաժան օրերը:
Հորն ու 3 հորեղբորը սպանել էին թուրքերը: Մորը կորցրել է գաղթի ճանապարհին, ինքն ու երկու եղբայրը մնացել էին մենակ, միացել քեռու ընտանիքին, հասել Կաղզվան: << Եթե լուսնյակ էր գիշերով էինք ճանապարհը շարունակում , եթե չէ՝ մտնում էինք մաղարեքը, սնձով, երինջնակով ու գրզիկով ենք ապրել>>,- ասում է Եպրաքսյա տատիկը: Արաքսն անցելով գնացել են Եղվարդ, Աշտարակ, Խաչոյի գյուղ: Պատմում է, որ մեկ ամիս հետո ուրախ լուր էին ստացել, թե Ղարսի ճանապարհը բացվել է և կարող էին վերադառնալ իրենց տները, հասել են Ալեքսանդրապոլ ու մնացել այնտեղ:
Եպրաքսյա տատիկի մի եղբորը՝ Հովհաննեսին որդեգրել էր Խաչո գյուղում ապրող հարուստ մի ընտանիք, ինքն ու մյուս եղբայր՝ Եղիազարն ապրել են Գյումրու ամերիկյան որբանոցում, որտեղից էլ եղբորը տեղափոխել են Ամերիկա: Եպրաքսյա Գևորգյանը հինգ տարի ապրել է ամերիկյան որբանոցում, կրթություն ստացել:
Ամերիկյան որբանոցում ապրած տարիներին , 1923 թվականին տեսել է Լենինին:
1926 թվականին հորաքույրը գտել է իրեն և տեղափոխվել նրա մոտ՝ Անի Պեմզա: Ցեղասպանությունը վերապրած Եպրաքսյա Բարսեղյան-Գևորգյանը ափսոսում է կիսատ թողած կրթության համար, սակայն միշտ աչքի է ընկել առաջադիմությամբ:
Դպրոցում սովորած ոտանավորները գրեթե 105-ամյա Եպրաքսյա տատիկը հիմա էլ է հիշում, առույգ արտասանում է, վեր կենում դասավորում իր անկողինն ու 5-րդ հարկի իր պատշգամբից կրկին կարոտով նայում Արարատին:




