
«Ադրբեջանի ագրեսիան ուղղված է Արցախի դեմ, իսկ սա մեկ անգամ ևս ապացուցեց, որ կա բանակցային երկու կողմ՝ Ադրբեջան ու Արցախ»,- «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտարարել է ԼՂՀ նախագահի մամուլի քրատուղար Դավիթ Բաբայանը։
Բաբայանի փոխանցմամբ, Ադրբեջանի այս հայտարարությունը անգամ հակասում է իր իսկ սեփական գործողություններին, հրադադարի ռեժիմի պահպանումը կատարվում է, իհարկե, Արցախի անմիջական ուղիղ մասնակցությամբ, զոհվածների որոնողական աշխատանքերը կատարվում է Արցախի ուղղակի մասնակցությամբ:
«Այս ամենը ցույց է տալիս, որ Ադրբեջանը թեպետ ինչ- որ հայտարարություններ անում է, բայց միևնույն ժամանակ Արցախը բանակցությունների կողմ է: Հայաստանը պարզապես ներգրավված կողմ է, ինչը բնական է, քանի որ եթե Արցախին վտանգ է սպառնում, մայր Հայաստանը չի կարող միջամտել»:
Ադրբեջանի քաղաքականությունը ոչ միայն հակասում է իր իսկ քայլերին, այլ նաև միևնույն ժամանակ ցույց է տալիս,որ այդ երկիրը պատրաստ չէ քայլեր ձեռնարկել համապարփակ կարգավորման ուղղությամբ՝ ասել է Դավիթ Բաբայանը։
«Համապարփակ կարգավորումը ուշ թե շուտ լինելու է, ուշ թե շուտ Արցախը վերականգնելու է իր կարգավիճակը որպես բանակցային լիարժեք կողմ, որն ամրագրված է կարևորագույն փաստաթղթերում, մասնավորապես՝ 1994թ Բուդապեշտի գագաթաժողովի ժամանակ»:
ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարը հիշեցրել է, որ Բուդապեշտում է հիմնվել Մինսկի խումբն ու այս ձևաչափը: «Փաստորեն՝ ինչ որ ձևով Ադրբեջանի՝ Արցախին բանակցային կողմ չճանաչելը կոպտորեն հակասում է նաև միջազգային փաստաթղթերին, մասնավորապես՝ ԵԱՀԿ որոշումներին»,- ասել է Դավիթ Բաբայանը:




